«Համավարակի ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ»
«2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:
Նկատելով, որ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և արտադրաշղթաների խաթարումների հետևանքով՝ ԿԲ նախագահն ասաց, որ միջազգային գների աճն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։
Ըստ Գալստյանի՝ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա դեռևս կլինի գնաճային ազդեցություն:
Նրա խոսքով՝ Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ:
Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ քաղաքականության այս գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին, բայց ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռևս բարձր է։
Շեշտելով, որ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ ռիսկերի դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում