«Բանակից՝ ՏՏ» անվճար դասընթացի մեկնարկ
DISQO-ն հունվարի 28-ին հայտարարեց ԱՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրով արցախյան պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց մեկնարկելու մասին։ Գրանցման հայտն արդեն բաց է և դիմումներն ընդունվելու են մինչև փետրվարի 27-ը ներառյալ։
Դասընթացի ծրագիրը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը և միտված է պատրաստելու որակի ապահովման սկսնակ մասնագետներ։ Այն կմեկնարկի մարտից, կտևի 2 ամիս, և կանցկացվի շաբաթական 2-3 անգամ՝ թե լսարանային և թե առցանց ձևաչափով՝ հնարավորություն տալով ընդգրկել մասնակիցներ նաև մարզերից։
Սա DISQO-ի երրորդ դասընթացն է պատերազմի մասնակիցների համար։
Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թանիա Սահակյանը նշում է. «2021-ին իրականացրած 2 դասընթացների արդյունքում 27-ը հաջողությամբ ավարտեցին կրթական ծրագիրը, իսկ նրանցից երկուսն այժմ փորձաշրջան են անցնում մեր ընկերությունում։ Ավելին՝ մյուս շրջանավարտները ևս ստացել են աշխատանքի և փորձաշրջանի հնարավորություններ այլ տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Լիահույս ենք, որ այս անգամ էլ դրական արդյունքներ կգրանցենք»։
ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը ընդգծում է․ «Մեզ համար կարևորագույն պատասխանատվություն է ՏՏ ոլորտում գործունեություն վարելու նպատակով հնարավորություններ ստեղծել պատերազմների հետևանքով տուժած խմբերի համար։ Այդ առաքելությամբ ԱՏՁՄ-ն DISQO-ի հետ միասին նախաձեռնում է հերթական վերապատրաստումների շարքը, որը վստահաբար դրականորեն կանդրադառնա մասնակիցների կյանքի ուղու վրա»։
DISQO-ն արդեն 3 տարի է շարունակաբար ընդլայնում է թիմը Հայաստանում։ 2021 թվականին ընկերությունը կրթական արշավ սկսեց՝ համագործակցելով ոչ միայն ԱՏՁՄ-ի, այլև այլ կրթական կենտրոնների հետ՝ Armenian Code Academy, Learning Mission, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։