ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրելու են Հայաստանում գրանցված ծաղկավոր բույսերի` գիտության համար 3 նոր տեսակ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը ներկայացրել է «Մակաբույծ ծաղկավոր բույսերի նոր տեսակների մոնիթորինգ և տարածված ներկայացուցիչների դեղաբանական ակտիվության գնահատում» գիտական թեման:
ԵՊՀ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Հայաստանը մակաբույծ ծաղկավոր բույսերի՝ ճրագախոտազգիների ընտանիքի տեսակառաջացման կենտրոններից մեկն է: Կարգաբանական ուսումնասիրությունները Հայաստանում 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են ԵՊՀ-ի, Լեհաստանի Յան Կոխանովսկու անվան համալսարանի և Ազգային աշխարհագրական կազմակերպության (National Geographic Society) համատեղ ծրագրի շրջանակում:
Ծրագրի ղեկավար, ամբիոնի դոցենտ Նարինե Զաքարյան. «Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է գիտության համար 3, ինչպես նաև հայտնաբերվել Հայաստանի համար 7 նոր տեսակ»:
Հետազոտական խմբում են Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտներ Աստղիկ Պողոսյանը, Ինեսսա Էլոյանը, լաբորատորիայի վարիչ Նունե Քարտաշյանը և ասպիրանտ Վահագն Գևորգյանը:
Այս ծրագրի նպատակն է մշտադիտարկել 3 նոր տեսակների պոպուլյացիաներն ու դրանց բնական տարածման բնույթը, ինչի արդյունքում առաջարկվելու են ՀՀ բույսերի Կարմիր գրքում դրանք ընդգրկելու անհրաժեշտությունը և կարգավիճակը:
«Մենք առաջին անգամ հետազոտելու ենք ՀՀ-ում չուսումնասիրված, տարբեր էկոլոգիական գործոնների ազդեցության տակ աճող մակաբույծ բույսերի հակաօքսիդանտային և հակասնկային ակտիվությունները: Սա քիչ ուսումնասիրված ոլորտ է, և հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալու բարձր դեղաբանական ակտիվությամբ օժտված բուսահումքը կիրառել սննդային և բուժական նշանակության նոր միջոցներ ստեղծելու համար, պահպանել նոր
տեսակները»,-նշել է Ն. Զաքարյանը։
Թեման ֆինանսավորման է երաշխավորել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան