Գործող իշխանությունները «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը․ Արթուր Վանեցյան
«ՀՀ-ում գործող իշխանությունները, կներեք արտահայտությանս համար, «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ։
Վանեցյանի խոսքով՝ քաղաքական, պետական գործիչները և առհասարակ հասարակությունն այդ հարցի շուրջ պետք է ընդվզի՝ հստակ գնահատական տալով։
«Մենք չենք եկել այստեղ պաշտպանելու կոնկրետ մի դատավորի կամ կոնկրետ ինչ-որ մի գործ։ Մենք եկել ենք այստեղ խոսելու և պաշտպանելու առհասարակ արդարադատությունը։ Ուստի, մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն՝ թույլ չտալու, որպեսզի Հայաստանը վերածվի բռնապետության։ Մենք տեսնում ենք, որ հստակ քայլերով Հայաստանի իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,- նշեց նա։
Վանեցյանի գնահատմամբ՝ իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է ցանկալիի և ոչ ցանկալիի․ «Եղել է իրավիճակ, երբ դատավորը պարտավոր էր խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատավորն իր լիազորությունների շրջանակում կայացրել է նման որոշում։ Նման որոշում չկայացնելու դեպքում դատավորին կարող էին նույն կերպ ենթարկել պատասխանատվության՝ ասելով «ինչու չես կիրառել այն պատժամիջոցը, որը պարտավոր էիր»։
Վանեցյանը մի կարևոր հանգամանքի վրա ևս ուշադրություն հրավիրեց։ Նրա փոխանցմամբ՝ դատախազությունը դատավորի այդ որոշումը չի բողոքարկել։
«Այսինքն՝ դատախազությունն ի սկզբանե որևէ խնդիր չի տեսել դատավորի կայացրած օրինականության մեջ։ Այս դատավորի «հանցագործություն» կատարելը միայն հիշել են այն ժամանակ, երբ դատարանը Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստն այս պահին շարունակվում է։ Դատարանի առջև հավաքվել են քաղաքական գործիչներ, իրավակալ ոլորտի և քաղհասարակության ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Բորիս Բախշիյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան