Կամո Նիգարյանի պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը՝ Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ «Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000 ականներ» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը՝ 18:00-ին:
Ցուցահանդեսը կազմակերպել է «Թեք տեղ» թատրոնը՝ Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այն ընդգրկում է ավելի քան 70 տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։
Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրել է այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1981 թվականից սկսած արվեստագետը հիմնականում դիմել է գեղանկարչությանն ու լուսանկարչությանը, և միայն կյանքի ուշ շրջանում է կարողացել լիովին իրականացնել գրաֆիկական դիզայնի իր հայեցակարգային մոտեցումները Ազգային պատկերասրահի ֆիլմերի ցուցադրության ծրագրի համար պատրաստած պաստառների շարքում: