Եթե ահազանգը համապատասխանի իրականությանը, կլինեն խիստ պատիժներ. Փոխնախարարը՝ զինվորի հետ կապված դեպքի մասին
«Հստակ տեղեկություն կա, որ ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Այս փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է եղել զորամասը թողնելու պատճառը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքին, որի մասին այսօր գրառում էր արել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, եթե պարզվի բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ. «Մեզ էլ է մտահոգում։ Տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա»։
Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ իրենց ձեռնտու է, որպեսզի բոլոր հանգամանքներն ի հայտ գան, այդ թվում զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված, եթե ահազանգը պարունակում է ճշմարտություն։
«Պաշտպանության նախարարից սկսած ամբողջ գերատեսչությունը շահագրգռված է, որ պարզվի իրականությունը, և եթե լինի զինվորի հանդեպ նույնիսկ փոքր բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ հարազատներն ահազանգում են՝ խոշտանգում է եղել, Ա. Սարգսյանն արձագանքեց. «Երբեմն լինում են դեպքեր, որ զինվորն ինչ-որ պատճառով գնացել է, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը»։
Նա նաև հայտնեց, որ զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչը կպարզվի։