Լռելու պարագայում այդ լռությունը շատ թանկ է նստելու․ Էլինար Վարդանյան
«Եթե դատավորը պետք է իր կողմից օրինական կայացված որոշման համար հայտնվի քրեական հետապնդման կենտրոնում, այդպիսի համարձակության չեն դիմում որևէ պետության իրավապահները, քանզի այնտեղ դատարանների անկախությունն իսկապես հարգանքի արժանի անկախություն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ զարգացած երկրներում իշխանությունների տարանջատումն իսկապես գործում է։
Նրա փոխանցմամբ՝ որևէ զարգացած երկրում գործադիրը չի փորձում միջամտել արդարադատության իրականացմանը, մինչդեռ Հայաստանում իրավիճակն այլ է։
«Մեզ մոտ վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցող գործընթացները բերեցին նրան, որ դատավորին կարելի է քրեական հետապնդումների շրջանակում կալանավորել։ Սա ազդակ է մյուս դատավորների համար, որոնք փորձում են առաջնորդվել օրենքով և չկայացնել իշխանության համար ցանկալի որոշումներ։
Հիմնավորումներ շատ կարող ենք բերել, բայց բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը քաղաքական ենթատեքստով գործ է, որովհետև մենք գիտենք, թե Բախշիյանն ինչ գործ էր քննում և ինչպիսի որոշումներ է կայացրել, որոնք այսօրվա իշխանությունների սրտով չեն»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Վարդանյանի համոզմամբ՝ սա ազդակ է մյուս դատավորների համար, բայց մյուս կողմից պետք է ազդակ լինի դատավորների և իրավաբանական համայնքի համար։
«Լռելու պարագայում այդ լռությունը շատ թանկ է նստելու և նրանք պարտադրված են միավորվելու։ Հակառակ պարագայում, եթե լինի գրպանային դատարան, ապա այն կվտանգի ընդհանրապես Հայաստանի գոյությունը»,- եզրափակեց Էլինար Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստն այս պահին շարունակվում է։ Դատարանի առջև հավաքվել են քաղաքական գործիչներ, իրավակալ ոլորտի և քաղհասարակության ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Բորիս Բախշիյանին։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանություններն անհանդուրժող են դատական համակարգի անկախության նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Գործող իշխանությունները «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը․ Արթուր Վանեցյան
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան