Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը
Թուրքիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Դրանում նշվել է, որ վերջին տարիներին փոխըմբռնման, վստահության և ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը։
«Մենք չենք ճանաչում Ղրիմի ապօրինի բռնակցումը, իսկ Դոնբասի դեպքում կողմնակից ենք միջազգային իրավունքին համապատասխան խաղաղ լուծմանը»:
Նաև նշվել է, որ թուրք-ուկրաինական բարեկամության և համագործակցության կամուրջը Ղրիմի թաթարներն են, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ թուրքական կողմը վերահաստատել է իր կամքը բոլոր ոլորտներում Ուկրաինայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: