Դուք կարծում եք՝ ձեզ թշնամին հարգո՞ւմ է. Լարիսա Ալավերդյան
«Ես և շատ փորձագետներ բազմիցս ասել ենք, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը և ես չեմ տեսել գեթ մեկ հերքում»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց իրավապաշտպան, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ նկատելով, որ չունի փաստեր, այլ դատում է տեսանելի արդյունքներով:
Նշելով, որ Թուրքիան իր մեծ Թուրանի ծրագիրն է առաջ տանում՝ բանախոսն արձանագրեց, որ հերթական անգամ մարդկության պատմության ընթացքում բարբարոս ցեղերն ուզում են տիրանալ քաղաքակիրթ աշխարհին:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է հստակեցնի իր դերակատարությունն այս քաղաքակրթական պատերազմում, քանի որ հայտնվել են այդ քաղաքակրթական բախման առաջին գծում և հետ գնալու հնարավորություն և իրավունք չունի:
«2018 թ. խաբեությամբ իշխանությունը զավթածներն ունեին մեկ նպատակ՝ արագ ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին, այնուհետև քայլ առ քայլ Հայաստանը դարձնել Թուրքիայի վիլայեթներից մեկը, որը չի ստացվելու»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Փաշինյանին քննադատելու համար համայնքապետերի և քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ շինծու գործեր հարուցելու դեպքերին՝ իրավապաշտպանը պնդեց, որ այդ քայլերը խրախուսվում են դրսից:
«Նիկոլ Փաշինյանը իրեն քննադատելու համար բանտերը չէր լցնի, եթե իր թիկունքում չզգար այն պղտոր կենտրոններին՝ ինչպիսին ԵԽԽՎ-ն է»,- ասաց Ալավերդյանը:
Նա նկատեց, որ վերջինիս հրապարակած զեկույցը խոսում է եվրոպական կառույցների արժեքային անկման մասին, այն դեպքում, երբ ԵՄ-ն և ԵԽԽՎ-ն ստեղծվել էին մարդու իրավունքների սուրբ գաղափարների վրա:
«Թող Մակրոնը մի մուրճ վերցներ, ամենագեղեցիկ ժապավեններով, ու ճոճեր ընտրություններում, այդ դեպքում նա մեկ ժամ կմնա՞ր նախագահի պաշտոնում, ոչ»,- ասաց իրավապաշտպանը և եզրակացրեց, որ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցով գտավ, որ, ի տարբերություն Եվրոպայի, Հայաստանում թուլատրելի են նման երևույթներ:
Ըստ նրա՝ Եվրոպական կառույցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացի Փաշինյանն իր թիմի հետ ոգևորվի:
«Եվրոպական պետությունները ցանկանում են Արցախյան ազգային ազատագրական շարժումը բերել կապել մեռյալ սխեմաներին, քանի որ կարծում են՝ ունեն իրենց ղարաբաղները»,- ընդգծեց ՀՀ առաջին օմբուդսմենը և պնդեց, որ Արցախի նման օջախներ կան Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բրիտանիայում և այլ եվրոպական երկրներում:
Անդրադառնալով իշխանությունների հռչակած խաղաղության դարաշրջանի բացմանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դուք կարծում եք՝ ձեզ թշնամին հարգո՞ւմ է, ձե՛զ, որ ուզում եք ձևացնել՝ ցեղասպան պատերազմն անցյալ է և ուզում եք նոր էջից սկսել, այն դեպքում, երբ արյունը դեռ չի սառել, դեռ չեն սպիացել վերքերը… Ուզում եք ասել, որ հետապնդում եք խաղաղղությո՞ւն, ոչ՝ դուք հետապնդում եք այն, ինչը Թուրքիան դարեր շարունակ անում է՝ հայությանն ամբողջովին ոչնչացնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան