Պարկով առնետի թույն՝ Կենդանաբանական այգու ջրավազանի մոտ․ ահազանգում է ԺՊ Արևիկ Մկրտչյանը
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ առնետի թույն են փորձել լցնել ջրավազան, որից օգտվում են ուղտը և թուրքմենական կուլանները։
«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ:
Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին:
Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները:
Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար:
Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից:
Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են:
Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են:
Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից:
Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների:
Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին:
Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց:
Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու:
Դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»,- հայտնել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ օդում կախված լուրերի՝ Կենդանաբանական այգու փոխարեն ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել. Անուշ Ռաֆայելյան
- Կենդանաբանական այգու հորդորը. Ցույց մի արեք, կենդանիները տուժում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան