7000 հազար ուսանող առաջիկայում կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից. Փաշինյան
«ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝ բուհերի ուսանողական համակազմի մինչև 10 %-ին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու ԱԺ պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ գործադիրի կարծիքը:
Նախարարը շեշտեց, որ օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն էլ՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բուհի ուսանողական համակազմի մինչև 10%-ին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները:
Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ԱԺ ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ առաջարկվում է այդ թիվը փոխարինել 25%-ով:
Ըստ նախարարի՝ կառավարությունն առաջարկում է այն սահմանել 20% և դրական կարծիք տալ նախագծին:
Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզ բացատրել նախագծի էությունը և նշեց, որ փոփոխությամբ ևս 7000 հազար ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից, քանի որ այն բուհերին թույլ կտա ոչ թե ուսանողների 10%-ի համար ուսման վարձի զեղչերի համակարգ կիրառել, այլ 20%-ի համար:
«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20% ուսանողների պարագայում, և հարկային պարտավորություններ չեն առաջանա»,- ասաց Փաշինյանը:
Դումանյանը նկատեց, որ օրենսդրական փոփոխության հետևանքով պետական բյուջեն կկորցնի տարեկան 500 մլն դրամ, իսկ Փաշինյանը չհամաձայնեց այդ եզրակացության հետ՝ պնդելով, որ այն ուսման սուբսիդավորման ծախս է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պետական բյուջեից 9 մարզի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար
- Արձանագրված դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- Կառավարությունն այսօր մոտ 1 մլրդ դրամ դրամաշնորհից հատկացում կանի մարդու արժանապատվությունը ԶԼՄ-ներից պաշտպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան