Իրական արժեքները հավերժ են, բարի ճանապարհ դեպի հավերժություն, մաեստրո․ հայտնիները՝ Արթուր Գրիգորյանի մասին
Տաղանդաշատ կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի անժամանակ մահը խորապես վշտացրեց բոլորին՝ գործընկերներին, սաներին, նրա երգարվեստի երկրպագուներին:
Սոցիալական ցանցերում Արթուր Գրիգորիչին ճանաչող ու նույնիսկ չճանաչող մարդիկ իրենց ցավն են հայտնում, ափսոսանքի խոսքեր գրում, հիշում են կոմպոզիտորին, կիսվում նրա ստեղծագործություններով։
Հատկապես մեծ ցավ են ապրում այն երգիչները, որոնց սովորեցրեց և ուղղորդեց մեծ բեմեր ու երաժշտության մեծ աշխարհ:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ կոմպոզիտորը պատմությունից ու արվեստից չջնջվող մարդ է:
«Բախտ եմ ունեցել ճանաչել Արթուր Գրիգորիչին: Կարելի է անվերջ գրել`ինչ ենք պահպանել, ինչ ունենք նրա շնորհիվ... Պատմությունից ու արվեստից չջնջվող մարդ»,- գրել է Մհեր Մկրտչյանը։
Նշենք, որ նրանք համագործակցել են նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմի շրջանակներում։ Ֆիլմում հնչող հայտնի երգի երաժշտությունը գրել է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։
Երգիչ Արա Մարտիրոսյանն էլ իր ինստագրամյան էջում գրել է․
«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ»։
Հաղորդավար, բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը, ով սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում, իր ինստագրամյան էջում Արթուր Գրիգորյանի հետ նկար է հրապարակել և դրան կից գրել․
«Բարի ճանապարհ դեպի հավերժություն, Մաեստրոս»։
Հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանը, որ երկար տարիներ աշխատել է Երգի պետական թատրոնում գրել է, որ Արթուր Գրիգորյանը իրենց համար ոչ միայն ուսուցիչ էր, այլև հայր․
«Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք...
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի...»։
ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որը Երգի պետական թատրոնի հիմնադիր երգիչներից մեկն է, իր ինստագրամյան էջում ևս նկար է հրապարակել մաեստրոյի հետ և խոստովանել, որ իր բոլոր հաջողությունների համար պարտական է հենց Գրիգորիչին․
«Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ...»։
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն էլ իր գրառմամբ շնորհակալություն է հայտնում Արթուր Գրիգորյանին՝ դեպի մեծ բեմ տանող ճանապարհի, Արցախի հանդեպ անսահման ու անմնացորդ սիրո համար։
«Իմ Արթուր Գրիգորիչը, իմ Մաեստրոն, իմ աննմանն ու անփոխարինելին ինձ մենակ թողեց, մեզ մենակ թողեց… Գրիգորիչս, շնորհակալ եմ մեզ բոլորիս մեկնած Ձեր ձեռքի, բացվող դռների ու դեպի մեծ բեմ տանող ճանապարհի հիմք ու ուղեցույց լինելու համար։ Արցախի հանդեպ անսահման ու անմնացորդ սիրո համար եմ շնորհակալ։ Իրական արժեքները հավերժ են ու երբեք չեմ պատկերացրել ձեր բացակայությունը։ Վարպետս, միշտ լույսերի մեջ, բարի ճանապարհ…Բրավո Մաեստրո»։
Արմատներով արցախցի Արթուր Գրիգորյանն ապրում էր Արցախով, այնտեղ տարբեր նախագծեր էր իրականացնում, բացահայտում էր արցախցի երեխաներին և նրանց հնարավորություն տալիս հանդես գալ մեծ բեմերում։
Արցախյան պատերազմից հետո ծանր ապրումներ ուներ։ Bravo.am-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ պատերազմից հետո չի կարողանում Արցախ գնալ։
«60-նն անց մարդ եմ, ո՞նց ապրեմ, ի՞նչ մեղքով: Մեղք ունեմ, չէ՞, որ շնչում եմ, ապրում եմ... Կամ այդ հողն ինչի՞ս է պետք առանց տղաների, չէ՞ որ հողը մարդիկ են, ժողովուրդն է։ Մեծացել եմ Ստեփանակերտում, բայց Ստեփանակերտով չի։ Չգիտեմ՝ ոնց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ։ Այ, դա չեմ պատկերացնում. ինչքա՞ն պետք է աչքերս փակեմ, կամ էլ ձեռքս ինչքա՞ն դնեմ ճակատիս, որ չտեսնեմ վերեւում մնացած Շուշին։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար մեզ ուժ է պետք, որ չունենք, հավատք, որ չունենք։ Իսկ մյուս կողմից էլ դուրս ես գալիս փողոց ու տեսնում ես, որ շատերի հետ ոչինչ չի կատարվել՝ ուտում են, խմում և այլն»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին
- Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
- Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան