Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Հայաստան հրավիրել օլիմպիական չեմպիոնների
Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է: Նա նշել է, որ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:
Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար. «Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել:
Անպայման խորհրդակցելու եմ այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր ունեն փորձ: Հուսով եմ՝ իմ ծրագրին շատերը կաջակցեն, թեև գիտեմ՝ հեշտ չի լինելու: Իմ կողմից ամեն ինչ կանեմ այս մարզաձևի զարգացման համար: Կփորձեմ ներգրավել հովանավորների, աջակիցների:
Մտադիր եմ նաև վերահսկել մարզումային գործընթացը: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում: Այդ դեպքում կհասկանանք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: Արդեն իսկ դրական տեղաշարժ ենք նկատում. մարզուհիներն ավելի մոտիվացված են, ձգտում են չբացակայել մարզումներից, իսկ ծնողները շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ իրենց մոտ հույս եմ արթնացրել»:
Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ. «2022 թվականն ինձ ու առհասարակ մեր մարզաձևի համար շատ կարևոր է լինելու: Շատ նպատակներ կան, որ այս տարի կիրականացվեն՝ ի նպաստ գեղարվեստական մարմնամարզության զարգացման»:
Նատալյա Ռոտենբերգը «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են
- Տիգրան Արզաքանցյան. Որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում
- «Հաջողություն և հաղթանակ մեզ՝ բոլորիս»․ Տիգրան Արզաքանցյանը քվեարկեց Գավառում
- Ինչքան ուզեն մեզ խանգարել, չի ստացվի. Տիգրան Արզաքանցյան
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան