Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի։
Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց:
Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը․«Մամիկոն Ասլանյան» դաշինք
- Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյան. Շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյան
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փորձում է փախցնել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ձայները՝ շրջանցելով օրենքը
- Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն. Մամիկոն Ասլանյանի կոչը՝ մեկուսարանից
- Դաշինքը պահանջում է՝ կալանավորված Մամիկոն Ասլանյանը մասնակցի Վանաձորի ավագանու առաջին նիստին
- Արթուր Վանեցյան. Մամիկոն Ասլանյանը խնդրեց փոխանցել՝ պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ
- Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան
- Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը