Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 63 տարեկան էր։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։ Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։
1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին