Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա նշեց, որ օրենսդրական այս նախաձեռնության գաղափարն առաջացավ նաև միջազգային փորձի ուսումնասիրությամբ և հատկապես հարևան երկրների առկա փորձը տեսնելով։
«Պետական խորհրդանիշներից դրոշն ամենատարածված է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները, տիրույթները»,- ասաց Ա. Վարդանյանը։
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաև առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:
Ըստ նախաձեռնության հեղինակի, նախագծերի փաթեթով լուծվում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ։ Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
«Կարծում եմ, որ հատկապես այս իրավիճակում, այս ժամանակահատվածում պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն ու ընդլայնումը կարևոր է մեր ազգային պետական մտածողության, երիտասարդ սերնդի դաստիարակության համար»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Նա ասաց, որ պատրաստ է քննարկել առաջարկությունները։