Պետության կառավարման ձևի փոփոխության հետ կապված որևէ քննարկում դեռ չի եղել. Վարդապետյան
«Այս պահին որևէ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել պետության կառավարման ձևի հետ կապված, բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,- այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը։
Նա հիշեցրեց Փաշինյանի վերջին ասուլիսում արված հայտարարությունը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ տվեց հաղթահարել քաղաքական ճգնաժամը ընտրությունների միջոցով:
Ա. Վարդապետյանը նշեց, որ արմատական փոփոխության մասին պնդել չեն կարող, որովհետև և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտացված հանձնաժողովը պետք է իր մասնագիտական կարծիքն ասի։
Ըստ նրա, Սահմանադրությունն այսօր շատ մանրամասն հարցեր է կարգավորում, և Սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների:
Աննա Վարդապետյանը նշեց, որ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական։