Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ երեկ դատավորի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։
Բացի այդ՝ թեև կալանավորման միջնորդությունը անհապաղ քննության է ենթակա, դատավոր Արղամանյանը դատական նիստի օր է նշանակել միայն միջնորդությունը ներկայացնելուց երեք օր հետո, ինչն էլ իր հերթին է կասկածներ առաջացրել պաշտպանության կողմի մոտ։
Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, ժամը՝ 10։00֊ին։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Երեկ լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան
- Երեմ Սարգսյան. Նայեք ԲԴԽ՝ իրավաբանության գուրուների միտքը