Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
«Հայ Գերիները Բաքվում պահվում են արհեստական, առանց որևէ հիմքի՝ քաղաքական և ռազմական դիվիդենտներ ձեռք բերլու նպատակով»,-ասուլիսում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և շեշտելով, որ ռազմագերիներն այնտեղ ունեն իրավունքների լրջագույն խախտումներ՝ կյանքի սպառնալիքների ներքո, հավելեց. «Ակնհայտ է, որ այստեղ խոսքը գնում է մարդկանց առևտրի մասին՝ քաղաքական համատեքստու, քանի որ մենք շատ ենք տեսնում, որ քաղաքական հաշվարկներով մարդկանց են վերադարձնում»:
Շեշտելով, որ նկատի ունի ադրբեջանական կողմին՝ ՀՀ ՄԻՊ-ն այդ ամենը բացարձակ անթուլատրելի և մարդու իրավունքների կոպիտ խախտում որակեց:
Թաթոյանը հայտնեց, որ իր ոլորտի մասնագիտական մակարդակում կապի մեջ է և տեղյակ է հայ գերիների խնդիրներին, բայց չգիտի, թե քաղաքական մակարդակում ինչ վիճակ է:
Նա կարևոր համարեց գերիների խնդիրը որպես պատերազմական նոր հանցանք միջազգային հանրությանը ներկայացնելը, քանի որ նրանց արհեստական պահելն այդ որակումն ունի:
Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից գերիների դեմ դատավարություններ իրականացնելը շղարշ և արդարացում է արտաքին աշխարհի առաջ, և այդ կերպ փորձ է արվում հիմնավորել գերիների ազատ արձակման գործընթացի ձգձգումը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է այդ հարցում միջազգային կառույցների գործողություններին՝ սկսած ՄԻԵԴ-ից, վերջացրած Կարմիր խաչով, որը հայ գերիների վիճակի մասին միակ տեղեկատվության աղբյուրն է:
Արման Թաթոյանը շեշտեց, որ գերիների հարցում նույնպես երևում է Ադրբեջանի խոսքի և գործի հակադրությունը:
«Խաղաղություն նշանակում է երկու ժողովուրդների միջև վստահություն, իսկ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն մեր գերիներին չեն վերադարձնում, հասարակության էմոցիաների հետ են խաղում, լարվածությանն են նպաստում, հոգեկան տառապանք են պատճառում մեր գերիների և անհետ կորածների ընտանիքներին, այլև նպատակային թշնամանքի մեջ են պահում երկու ժողովուրդներին, որը տարածվում է նաև ամբողջ աշխարհում ապրող նրանց ներկայացուցիչների վրա»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքով՝ պետք է գերիների ազատման ուղղությամբ նպատակային քայլեր արվեն, բայց և պետք է կանխարգելիչ աշխատանք տարվի, որ հետագայում նոր գերեվարման դեպքեր չլինեն:
«Մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, որբ պետության հայտարարությունները հիմնված կլինեն կոնկրետ փաստերի վրա: Դրա համար եմ ես ասում, որ մեր քաղաքականությունն ընթանում է սխալ ուղղությամբ՝ մարդու իրավունքներն անտեսող ուղղությամբ և սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են զորքերի հայելային հետ քաշման և գերիների հարցերը»,-հայտարարեց Թաթոյանը և անդրադառնլով հարաբերություննները հաստատելու նպատակով զիջումների գնալու խնդրին, ասաց. «Պետք է առաջ գնանք ոչ մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունը բաց թողնելու հաշվին: Այն շատ մեծ հաճույք է՝ բաց թողնել մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունները մի հատ էլ դեռ մեր արարքներով փչացնենք դրանք և հետո ասենք՝ անիրատեսական էր, չստացվեց»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան