Ուկրաինան և Թուրքիան քննարկել են Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումների թեման
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն և նրա թուրք գործընկեր Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են էներգետիկ անվտանգության և Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումների թեմաները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Ուկրաինայի էներգետիկայի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Թուրքիայի Հանրապետությունը էներգետիկայի ոլորտում Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է: Հատկապես կարևոր է համագործակցությունը բնական գազի մատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացման շուրջ՝ տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ամրապնդման համատեքստում: Մասնավորապես Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումները հատուկ ուշադրություն են պահանջում»,-Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ասել է Գալուշչենկոն։
Թուրքական կողմը նշել է, որ աջակցում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով անցնող Տրանսբալկանյան գազատարով գազային ռեվերսի կիրառմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ամրապնդման և վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցեր։ «Ուկրաինան նաև շահագրգռված է բնական գազի արդյունահանման ոլորտում Թուրքիայի հետ գործընկերության ամրապնդմամբ, մասնավորապես՝ Սև ծովի շելֆում, ինչպես նաև թուրքական կողմից ուկրաինական ստորգետնյա գազի պահեստարանների ներուժի օգտագործմամբ»,-ասել է Գալուշչենկոն։
«Թուրքիան հաստատել է իր շահագրգռվածությունն օգտագործելու ուկրաինական ստորգետնյա գազի պահեստները և նախատեսում է ապագայում գործընկերություն զարգացնել Ուկրաինայի հետ ընդերքում գտնվող ածխաջրածինների արդյունահանման հարցում»,-հավելել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում։ Կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգիայի զարգացման գործում Ուկրաինա-Թուրքական համագործակցության զգալի ներուժին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան