Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
«Մենք արդեն չափից ավելի ենք հանդուրժել այս իշխանությունների կամայականությունները։ Ասաց՝ ինչ ուզեմ` կբանակցեմ, արդյունքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը. պետականության կորուստ։ Արդեն բավ է։ Նահանջելու տեղ չունենք։ Սպասելու ժամանակ չունենք»,- Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանն ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է Հայաստանի թուրքացման, պետք է կասեցնել, և սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը. «Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին: Թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք»։
Խոսեքն ուղղելով դաշնակցական ընկերներին՝ ասաց. «Գիտեմ՝ վիրավոր ենք, դառնացած և գլխիկոր, գիտեմ՝ շատերդ, ատամները սեղմած, որոշման եք սպասում, շատերդ մեզ քննադատում եք, որ այդ որոշումն ուշանում է, նույնիսկ երբեմն մտածում եք, որ Դաշնակցությունն առաջվանը չէ, համակերպվել է, հանդուրժում է դավաճան իշխանությանը, երկիրն աղետի բերած իշխանությանը, հանդուրժում է լկտիությունը, նույնիսկ թուրքի առաջ ծնկի եկածները համարձակվում են ձեռք բարձրացնել ու անպատիժ մնալ։
Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից և արմատներից։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների լկտիություններին՝ մենք պարզապես չենք ուզում, որ երկիրը վերածվի քաոսի ու անարխիայի։ Կարծում եմ՝ պարզ ասացի:
Ի միջի այլոց, երբ գլխավոր մեղավորը և պատասխանատուն ասում էր՝ եթե ես սխալ եմ, թող ժողովուրդն ինձ գնդակահարի պատերի տակ, կրկին պետք է հիշեցնեմ՝ մենք ջունգլիներում չենք ապրում, Հայաստանում պետք է լինի օրենք, դատարան, և հանցագործներն իրենց պատիժը ստանան օրենքով, ու ստանալու են»:
Ի.Սաղաթելյանը նշեց, որ 2020 թ. նոյեմբերից հետո փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։
«Մի առիթով ասել եմ, հիմա ևս կրկնեմ՝ Դաշնակցության և օրվա իշխանության հակադրության պատճառը անձնական կամ անհատական չէ, այն ավելի խոր և գաղափարական հիմքեր ունի:
Մեր և իշխանության հակադրության բուն առարկան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է:
Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։
Իսկ օրվա իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից:
Ավելի պարզ ձևակերպեմ. սա պայքար է երկու տեսակների` մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ, և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան:
Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, 44–օրյա պատերազմը, դրա հետևանքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։
«Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են։ Ի միջի այլոց, մենք այդ փաստաթղթով, առանց կրակոցի, ավելի շատ տարածք ենք տվել թշնամուն զիջել, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։
Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները, կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը:
Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն մեր կենսական շահերը։
Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ։ Սա կենսական պայքար է հայ ժողովրդի ապրելու իրավունքի և պետականություն ունենալու համար»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ։Խոսելով ելքների մասին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրություն ձևավորելն է։
Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման` արդեն իսկ գործի դրված ծրագիրը։
Դիմադրությո՛ւն, որը պետք է ուղղված լինի մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրությո՛ւն մեր պետականությունը կազմաքանդող ուժերին, դիմադրությո՛ւն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և նոր աղետի տանող օրակարգերին, դիմադրությո՛ւն, որն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի:
Օրվա իշխանությունները պետք է տեսնեն և հասկանան, որ կեղծ, անհեռանկար ու պատեհապաշտ լոզունգների տակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն»:
Այնուհետև նա հարցադրում արեց՝ իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան.
«Առանց հուսահատության, առանց ավելորդ զգացմունքների, աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, մենք պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Մենք պետք է ապացուցենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Հայաստանում, որոշվում է հայ ժողովրդի զավակների կողմից։
Հարգելի՛ ներկաներ, ես գիտեմ, ես տեսել եմ, ձեզանից շատերը, մենք միասին, երկար ենք պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողությունների գնացել, ի վերջո՝ ամեն ինչ արել, որպեսզի այս ամենը տեղի չունենա։
Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգված մնալ։ Հոգնելու, նահանջելու, հիասթափվելու, համակերպվելու կամ արտագաղթելու ոչ մի իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում` կկորցնենք ամեն ինչ։ Ամեն, ամեն ինչ։
Պայքարի դեպքում կա հնարավորություն մեջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Առանց պայքարի մենք դատապարտված ենք։
Դիմադրությունը մեկ օրվա, մեկ ուժի պայքար չէ, սա յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է:
Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից և աշխարհագրությունից։
Դիմադրությունը պետք է դառնա մեր հավատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրյան, մեր ամենօրյա գործունեության մասը։
Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները` լինեն հայ կամ օտարազգի, դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ փողոցում, աշխատավայրում, արտերկրում»։
Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից հայտարարեց. «Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության, Դաշնակցությունը պատրաստ է նաև լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաև լինել տարբեր ուժերին հաղթական դրոշի տակ համախմբողն ու միավորողը։
Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն, համախմբում։
Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ փողոց և պայքարել։
Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է,
Սյունիքը չի՛ զիջվելու,
Արցախը վերականգնվելու՛ է,
Հայաստանը չի՛ թուրքացվելու,
Եվ ինչպես Ցեղասպանության նահատակ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան