«Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես օրվա իշխանությունների համար»
«1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակված հայ ժողովրդի պատմության մեջ։ Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը»,- Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանն ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով գործելով Հայրենիքում և Հայրենիքից դուրս՝ Դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, 1990 թ. Դաշնակցությունը վերադարձավ Հայրենիք և անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Դաշնակցությունը ոգի ու կազմակերպված բնույթ հաղորդեց ազատագրական պայքարին, զինական գործին զուգահեռ՝ Դաշնակցությունն ակտիվ գործունեություն ծավալեց նաև քաղաքական ասպարեզում։
«Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես`օրվա իշխանությունների համար, որովհետև տեսակի, նկարագրի, արժեհամակարգի խնդիր կար։ Եվ կրկին փորձ արվեց կասեցնելու կազմակերպության գործունեությունը Հայրենիքում։ Իհարկե, չստացվեց։
1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո, դադարեցին հալածանքները Դաշնակցության նկատմամբ: ՀՅԴ-ն արդարացվեց։ 1999-2009 և 2016-2018 թվականներին Դաշնակցությունը տարբեր ձևաչափերով մաս է կազմել իշխանությանը։
Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլ նաև կառուցել։ Ժամանակն էր լծվելու պետականաշինության գործին։ Հիմա շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին։ Մենք մեր ողջ ուժերով, համահայկական կառույցով` և՛ Հայաստանում, և՛ Արցախում, մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցման գործին»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, այդ տարիներին եղել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև սխալներ, բայց այդ սխալներն արագ շտկվող էին, դրանք մեզ թուլացնող, մեր զարգացման տեմպերը դանդաղեցնող սխալներ էին, բայց ոչ երբեք` կործանարար։
«Դաշնակցությունից մեր ժողովրդի սպասումները միշտ մեծ են եղել, բայց տված քվեն` ոչ բավարար։ Մենք, հանուն քվեի, երբեք ամբոխավարությամբ չենք զբաղվել, միշտ ցույց ենք տվել իրական զարգացման ճանապարհը, որը եղել է բարդ և դժվարանցանելի։
Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել մեր ծրագրերը լիարժեք իրականացնելու համար։ Դրա համար էլ մաս ենք կազմել տարբեր կառավարությունների։ Այո՛, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների և՛ լավին, և՛ վատին։
Եվ, առհասարակ, մենք մեր կուսակցության 131 տարիների, մեր կենսագրության յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր քայլի և որոշման համար հաշվետու ենք մեր ժողովրդին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս. Քրիստինե Վարդանյան
- Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն
- Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Ալաշկերտ»-ին