Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի ցուցահանդեսը կբացվի Լոս Անջելեսում
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ Art 2 art ցուցասրահում, փետրվարի 1-15-ը կգործի հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կկայանա փետրվարի 6-ին։
PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը տեղեկացնում է, որ ամերիկաբնակ հանրությանը կներկայացվեն նկարչուհու վերջին տարիների աշխատանքները։
«Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ ցուցահանդես եմ ունենալու Լոս Անջելեսում։ Ուրախ կլինեմ հանրությանը ներկայացնել իմ ներաշխարհը և լսել նրանց կարծիքն իմ նկարների վերաբերյալ»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։
Նախորդ տարի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում Քրիստինա Օգանեզզը ներկայացրել էր իր «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը։ Իր տեսակով բացառիկ այս նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով և Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։ Միջոցառման ընթացքում հանրությունն ականատես եղավ ոչ միայն հայկական թռնչատառերի, այլև թռչնաթվերի, որոնք ստեղծել էր Քրիստինա Օգանեզզը։
Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:
Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:
2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան