131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի և հայության ազատագրման դատին. Սաղաթելյան
«Դվին հոլ» համալիրում մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։ Այն կրում է «Պիտի կերտենք նոր արշալույս» խորագիրը։
Հանդիսությանը ներկա են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, քաղաքական, հասարակական այլ գործիչներ։
Նախքան միջոցառման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ ՀՅԴ պատմությունն անհնար է տարանաջատել հայ ժողովրդի պատմությունից։
«Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 31 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։ Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։
Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 131 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։
Երեկ, այսօր և վաղը Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հողին ու հային։ Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող և ապագայի տեսլականով կազմակերպություն է։ Միշտ կենսունակ կազմակերպություն։
Եվ, առհասարակ, մենք մեր կուսակցության 131 տարիների, մեր կենսագրության յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր քայլի և որոշման համար հաշվետու ենք մեր ժողովրդին։ Մենք սխալներ ունեցել ենք, չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ ու մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք չենք դավաճանել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ի. Սաղաթելյանը նշեց, որ այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը խորը ճգնաժամի մեջ է. «Օրվա իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության։ Ձախողվել են նաև այն ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար արժեք էին և համոզմունք։ Արդեն ակնհայտ փաստ է՝ նրանք որևէ կապ և առնչություն չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, քաղաքացու` ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ։ Նրանց համար դրանք, ինչպես մնացած պարագաներում, ընդամենը լոզունգ են՝ ֆեյսբուքյան ստատուս, մարդկանց մոլորեցնելու միջոց, բայց ոչ երբեք` նպատակ։
Արդար դատական համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատավորներին։ Ազատ ընտրությունների ջատագովները կալանավորում են ժողովրդի կողմից ընտրված` համայնքի ղեկավարներին։ Ուժային կառույցները դարձել են երկրում մեկ մարդու իշխանություն, ավելի ճիշտ՝ բռնապետություն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է ապրում։ Ամեն ինչ պարզ է` այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան