Շնորհակալություն Արթուր Գրիգորյանին, որ մեզ համար թողել է հրաշալի երգեր ու երգող սերունդ
«Մեծ ցավ է բոլորիս համար, երբ որ մեր երկրից պակասում են այսպիսի կարևոր գույներ։ Արթուր Գրիգորյանն այդ կարևոր գույներից էր»,- Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողղովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Արթուր Գրիգորյանին, որ մեզ համար թողել է հրաշալի երգեր ու երգող սերունդ։
Արա Գևորգյանի խոսքով, ինչպես շատերը, պատերազմից հետո Արթուր Գրիգորյանն էլ փակված էր իր ներսում, լռում էր, չէր խոսում, ասելու բան էլ չկար, ստեղծագործում էր։
Հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի խոսքով, շատ մեծ կորուստ է ողջ ազգի, պետության համար Արթուր Գրիգորյանի մահը։
«Արթուր Գրիգորյանը անկրկնելի է, և իր ավանդը մեր հայ մշակույթում ուղղակի անգնահատելի է, նաև իր ավանդը յուրաքանչուրիս վրա, ովքեր այս տարիների ընթացքում փորձեցին, փորձում ենք ծառայել մեր հայկական մշակույթին։
Երախտապարտ եմ Գրիգորյանին, որովհետև նա հնարավորություն ստեղծեց, որպեսզի կարողանամ թե եթեր ունենամ, թե ծանոթանամ բեմական արվեստին։ Վստահ եմ, որ միայն իմ վրա չէ իր ներդրումը, այլ մի քանի սերունդների վրա, ովքեր զարդարում են հայ բեմը, կարողանում են տարածել հայկական, ազգային, ավանդական երգը, որին նա նաև ժամանակակից շունչ է տվել։
Երանի մեզ, որ մենք ունենք Արթուր Գրիգորյան։ Հավերժ է ապրելու իր արածով, արարումով հանուն մեր ազգի, պետականության»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի գնահատմամբ, ստեղծագործական ահռելի ավանդ ունի Արթուր Գրիգորյանը։
«Միակ սփոփանքն է՝ վառ պահել Արթուր Գրիգորյանի հիշատակը, այն սերունդները, որոնց կրթել ու դաստիարակել է Արթուր Գրիգորյանը, փորձեն շարունակել նրա գործը։
Այնպիսի տպավարություն է, որ մի ամբողջ էպոխա է մեր ձեռքից գնում, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ հեռանալով՝ իրենց հետ նաև որոշակիորեն մեծ պատասխանատվության տակ են դնում նրանց, ովքեր ապրում են։ Տա Աստված, որ ունենանք այնքան իմաստնություն, կարողանանք այդ մարդկանց գործը մի փոքր շարունակել»,- ասաց Հ.Քեշիշյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին։ Նա 63 տարեկան էր։
Կոմպոզիտորներին վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 Արամ Խաչատրյան համերգասրահից: Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:
Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:
1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Հարակից հրապարակումներ`
- Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ և Արցախի նախկին նախագահները
- Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները
- Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը. Արտակ Բեգլարյան
- Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում
- Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ․ Ռոբերտ Քոչարյան
- Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղն Արամ Խաչատրյան համերգասրահում
- Իրական արժեքները հավերժ են, բարի ճանապարհ դեպի հավերժություն, մաեստրո․ հայտնիները՝ Արթուր Գրիգորյանի մասին
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին
- Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
- Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը