Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս. Քրիստինե Վարդանյան
«Մեր կուսակցության պատմությունը երազանքի և արժանապատվության համար պայքարի պատմությունն է։ Ուրեմն հիմա, երբ մեզնից գողանում են մեր երազանքը և խլում արժանապատվությունը, եկել է ժամանակը տեր կանգնելու մեր ստացած ժառանգությանը, եկել է մեր հերթը` գործով փաստելու մեր գաղափարների կենսունակությունն ու արդիականությունը»,- ՀՅԴ 131-ամյակի պաշտոնական հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով, բայց այսպիսի գործի համար բավական չեն մի քանիսը, հարկավոր են բոլորը. «Բավարար չէ գաղափարով բոցավառվելը, հարկավոր է նաև մեկ ուրիշին բոցավառել նույն գաղափարով, բավարար չէ անել կարելին, հարկավոր է անել անկարելի թվացողը»։
Ք. Վարդանյանն ընդգծեց, որ այս գործում իրենց բնական դաշնակիցներն են բոլոր այն անհատներն ու գործիչները, որոնց երազանքը նույնն է։
«Ուրեմն, դիմելով իմ տարեկից մյուս բոլոր հայ երիտասարդներին, ցանկանում եմ միայն ասել, որ մենք՝ դաշնակցականներս, պարզապես ընտրել ենք հայրնիքին ծառայելու մեր միջոցը, ընտրել ենք կառույցը, որտեղ անհատի հնարավորությունները բազմապատկվում են, որտեղ անգամ ամենախենթ գաղափարներն իրականացնելու համար միշտ հայտնվում են գաղափարական ընկերներ։
Դուք էլ կարող եք միանալ մեզ կամ ընտրել այս պայքարի մասնիկը դառնալու սեփական միջոցը։ Բայց մի բան հստակ է` եթե դուք էլ մեզ նման երազում եք հզոր հայրենիք ունենալու մասին և քայլում եք այդ ճանապարհով, մենք անպայման հանդիպելու ենք, որովհետև դեպի փրկություն տանող ճանապարհը մեկն է։
Համոզված, որ մեր ասելիքը դեռ չի սպառվել, հենվելով մեր ուժերի վրա, սակայն աշխարհին բաց նայելով, մեզ երբեք չգերադասելով, բայց ոչ էլ ստորադասելով` Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս»,- ասաց Ք. Վարդանյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Տեր-Խաչատուրյան. Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն
- Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան
- 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի և հայության ազատագրման դատին. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին