Հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը՝ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանն օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամն՝ Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծել է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը:
Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ։
«Հայաստանում Աստվածաշնչի պատմությունը շատ կարևոր է Սուրբ Գրքի պատմության և ազդեցության ուսումնասիրման համար: Որպես առաջին քրիստոնյա ազգ, հայերն ունեն Աստվածաշնչից բխող արվեստի և ճարտարապետության հարուստ ժառանգություն»,- նշել է նա:
Իր հերթին թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը ասել է, որ քրիստոնեությունը զգալի չափով միահյուսված է հայ ժողովրդի մշակութային ինքնության հետ:
«Մեր հիմնական առաքելությունն է ցույց տալ, թե որքան է միաձուլված հայկական ինքնությունը և Աստվածաշունչը և ուսումնասիրել, թե ինչպես է Աստվածաշունչն ազդել հասարակության և մշակույթի վրա հազարավոր տարիներ, ինչպես է այն ոգեշնչել ու ստեղծել մշակութային բազմաթիվ կոթողներ ի դեմս ձեռագրերի, ճարտարապետության»,- ասել է թանգարանի ցուցահանդեսների համակարգող Քրիսթի Օլիվերը:
Չորս հիմնական մասից բաղկացած միջոցառումն այցելուներին է ներկայացրել Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման, հայկական գրերի ստեղծման, հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին դասախոսություններ: Հեռավար դասախոսության միջոցով Թաֆթս համալսարանի դոկտոր Քրիստինա Մարանչին անդրադարձել է Հայաստանում Սուրբ Ծննդյան ավանդույթներին և միջնադարյան հայկական ձեռագրերին, իսկ «Գրիքոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջեսի Արլենը խոսել է հայկական Աստվածաշնչի պատմության և հայ գրերի մասին։
Առանձին դահլիճում ցուցադրվել են տեսաֆիլմեր՝ նվիրված Արցախի եկեղեցիներին: Միջոցառումն ուղեկցվել է հայկական շարականներով, երաժշտությամբ, պարային բեմադրություններով Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիների միացյալ HYE երգչախմբի ու Սբ. Աստվածածին եկեղեցու Շնորհալի դպրոցի սաների կատարմամբ:
Հայկական մշակույթին նվիրված այս միջոցառումը որպես նախաբան է ծառայում ավելի խոշոր մի ծրագրի՝ հայկական ցուցահանդեսին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ տարվա մարտին:
«Մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել, մի քանի ուղևորություններ կատարեցինք Հայաստան՝ հավանական գործընկերների հետ զրուցելու համար, և տարիների ընթացքում, կարծում եմ, ստեղծեցինք իսկապես գեղեցիկ մի նախագիծ և հիանալի ցուցահանդես, որը կբացվի հաջորդ տարվա մարտին»,- ասել է Ջեֆֆ Քլոհան:
Այս շրջանակում թանգարանն արդեն մի քանի տարի սերտորեն համագործակցում է հայկական պաշտոնական կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, Հայաստանում գիտական և մշակությաին կենտոննների, ամերիկահայ շրջանակների հետ:
«Հայաստանում մենք համագործակցում ենք Հայոց պատմության թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ, որոնք մեզ են տրամադրել ցուցահանդեսի համար շուրջ 120 գեղեցիկ ցուցանմուշներ: Դա մեզ հնարավորություն է տալիս ներկայացնել պատմական մի մեծ ժամանակաշրջան տարբեր տեսանկյուններից»,- ասել է Քրիսթի Օլիվերը:
Ջեֆֆ Քլոհանն ընդգծել է, որ չնայած իր հարուստ ժառանգությանը՝ հայկական քրիստոնեության պատմությունը լավ հայտնի չէ ամերիկյան հանրությանը, իսկ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայ ժողովրդի հոգևոր հարստությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան