Սա ճաճանչափայլ Ջհանգիրյանի ձեռքին կարող է դառնալ սարսափելի մահակ դատական համակարգի գլխին. Աղվան Վարդանյան
«Այս փոփոխությունները կասկածելի լեգիտիմությամբ ԲԴԽ նախագահ աշխատող մեր սիրելի, ճաճանչափայլ Ջհանգիրյանի ձեռքին իսկապես կարող են դառնալ սարսափելի մահակ դատական համակարգի գլխին»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Վերջինս ելույթ էր ունենում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով ԲԴԽ նիստերի հրավիրման համար քվորումի շեմը հասցնել 6-ի, որի պարագայում ներկա անդամների պարզ մեծամասնությամբ՝ 4 անդամով այդ մարմինը կարող է ընդունել կարևոր որոշումներ:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ նախագծով ԲԴԽ-ի 10 անդամից 4-ին հնարավորություն է տրվում այնպիսի կարևոր որոշումներ ընդունել, ինչպիսիք են՝ դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, նրանց վերաբերյալ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին:
Հայտարարելով, որ հերթական անգամ անկախ դատական համակարգ ստեղծելու մասին իշխանությունների հայտարարությունները հակասում է գործնական քայլերին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Ինձ լուր հասավ, որ Վերաքննիչ դատարանը կալանավորել է Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանին այն բանից հետո, երբ ԲԴԽ-ն որոշում ընդունեց Սյունիքի առաջին ատյանի դատավոր Գիշյանին կալանավորել, նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը երաշխավորեց, որ նման փոփոխություն ընդունելու դեպքում նմանատիպ բազմաթիվ դեպքեր կլինեն, որի համար պատասխանատվութունը կդրվի ոչ միայն դատարանի վրա, այլև՝ ԱԺ հանձնաժողովի:
Աղվան Վարդանյանը նաև առաջարկեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը:
Օրենքի նախագծի հեղինակ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ Բարձրագույն դատական խորհրդի վերջին նիստերում միշտ չէ, որ ներկա են գնտվում անդամները և խորհուրդը ստիպված են լինում հետաձգել դրանք:
Նա տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովն էլ առաջարկում է հեշտացնել մարմնի գործունեությունը և պնդեց, որ 6 հոգին նշանակում է և՛ դատավոր, և՛ գիտական անդամների ներկայությունը:
«Ե՛վ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ ձեր հետ: Արհեստականորեն բարձր շեմ ապահովելը նպաստում է նրան, որ օրինակ դատավորը, որը կատարել է խախտում, կարող է անընդհատ խուսափել պատասխանատվությունից, քանի որ արհեստականորեն նիստի քվորումի բարձր շեմ է նախատեսված: Մյուս կողմից գերադասելի պետք է լինի, որ մենք ունենանք այնպիսի մեծամասնություն, որը չխոչընդոտի այդ մարմնի գործունեությունը և արձանագրի, որ այլ որոշման կայացման համար մեծամասնություն չի եղել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ այդ հարցով ՍԴ որոշումն այն է, որ կայացած որոշումը բացառի այլ այլընտրնքային որոշում կայացնելու հնարավորությունը, բայց և նկատեց, որ այդ հարցը պետք է քննարկվի:
Վլադիմիր Վարդանյանն ասաց որ համաձայն չէ նախագիծը հետաձգելուն: Աղվան Վարդանյանն էլ նկատեց, որ այլ հանձնաժողովում ելույթ ունի և, հայտնելով, որ դեմ է քվեարկելու նախագծին, լքեց նիստը:
Արդարադատության նախարարաի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ կառավարության առաջարկները փարատում են Աղվան Վարդանյանի մտահոգությունները, քանի որ առաջարկում է դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ԲԴԽ որոշումներն ընդունել նիստի մասնակից անդամների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան խորհրդի անդամների ձայների առնվազն կեսի՝ 5-ի չափով: