Այսօր դատական համակարգի նկատմամբ կիրառվում է տեռոր․ Բերդ համայնքի ղեկավարի պաշտպան
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Մարդանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստին նրա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացրեց։
«Առնվազն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից դատավորը ունի կանխակալ բացասական վերաբերմունք համայնքի ղեկավար Մանուչարյանի նկատմամբ։ Այս պայմաններում դատավարություն սկսկել և դատավորի կարգավիճակում հանդես գալ, դատարանը ուղղակի իրավունք չունի»,- Yerevan.Today-ի փոխանցմամբ, ասել է Մանուչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը ցավով նկատել է, որ այսօր դատական համակարգի նկատմամբ կիրառվում է տեռոր։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Գործով նախագահող դատավորն էլ Գևորգ Պողոսյանի որոշումն անփոփոխ էր թողել։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և որակում է այն որպես քաղաքական հետապնդում։