Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու են 80 երկրի թիմեր
Այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկվել են այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ։
Նշվել է, որ Հայաստանում նման խոշորամասշտաբ օլիմպիադա անցկացվելու է առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցելու են 80 երկրի թիմեր:
Բացման և փակման արարողությունները տեղի են ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ բուն օլիմպիադան անցկացվելու է մարզահամերգային համալիրում:
Կարևորվել է նման խոշոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը: