«Հիմա, չեմ հասկանում, իսլամիստներին թողնենք, սրանց դե՞մ պայքարենք». Հրանտ Բագրատյան
Ազգային ժողովում «ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթում մեջբերեց Մարկ Տվենի խոսքերը՝ կա արդարացված և չարդարացված կամ վիճակագրական սուտ և այդ սուտասանն այսօր այստեղ նստած է:
Նրա խոսքերով, եթե հավատանք վիճակագրական տվյալներին, ապա հիմա այնպիսի տնտեսական աճ պետք է ունենայինք, որ մարդիկ ավելի լավ պետք է ապրեին, սակայն կա 40 տոկոս աղքատություն. «Այսպիսի մարդիկ շատ վտանգավոր են: Հասկանում եմ, երբ մարդը խելոք է ու կրեատիվ, ու երբ խելոք չի, բայց եթե մարդը կիսախելոք է ու վարպետ ինտրիգների մեջ, դա վտանգավոր է»:
Շարունակելով ԱՎԾ ղեկավարին ուղղված քննադատությունը՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ ԱՎԾ-ն անընդհատ տվել է տնտեսական աճի տեմպ և ՀՆԱ-ն եկել ասել է 167 տոկոս 1990թ. համեմատ:
«Այս մարդը գնացել է 90 թվի ՀՆԱ-ն իջեցրել է, որ կարողանա թվերը համապատասխանեցնի: Բայց որպեսզի ինքն ասի՝ լավ, ՀՆԱ-ն կրկնապատկվել է, բայց ինչի մենք լավ չենք ապրում, ինքը գնացել է հետ ու կոմունիստների ժամանակի ՀՆԱ-ն իջեցրել է: Ես գրում եմ երկու նամակ, մեկը իրեն, մեկն էլ Համաշխարհային բանկին: Համաշխարհային բանկն ասում է՝ հիմարության պատճառը վիճակագրական ծառայությունն է, սա ասում է, թե Համաշխարհային բանկն է պատճառը: Բա էսպիսի վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ: Ինքը հիմա կհելնի, կասի հակառակը: Ասեմ՝ բավականաչափ էլ խելոք է վարպետորեն խաբելու համար : Ձերբակալեք այս տիպի չինովնիկներին»,- ասաց նա:
Հ.Բագրատյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ նշելով, որ գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմում է 5 միլիոն տոննա, ստացվում է՝ մենք ամեն օր յուրաքանչյուր մարդ ուտում է 4.6 կգ գյուղմթերք:
«Վայ քու տունը շինվի: 120 հազար տոննա խաղող է արտադրվել, 300 հազար տոննա ես ցույց տալիս նրա համար, որպեսզի խաղող մթերող ձեռնարկությունների մեծ մասը ցույց տա, որ շատ ա խաղողն առել, որ հարկ չտա: Էլ ո՞նց եք ուզում, որ կոռուպցիան լինի, ոտքով ա լինում, տեսքով, շորը փոխած ա ըլնո՞ւմ: Սրա վերջը պետք է տալ, ծաղր է այս աշխատանքը: Սրանց ծրագիրն էլ մի բան էլ մենք հաստատում ենք»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ այս երկրում ուզում ենք ապրել, պայքարել. «Հիմա, չեմ հասկանում, իսլամիստներին թողնենք, սրանց դե՞մ պայքարենք»:
Պատգամավորը նաև ասաց, որ պետք է վերացնել այդ անկախ մարմինները. «Ես պահանջում եմ այս մարդուն ազատել, ում ուզում եք բերեք: Ի վերջո մենք պետք է վիճակագրություն ունենանք»:
Հ.Բագրատյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Շատ ոգևորիչ է, սակայն դա իրավունք չի վերապահում որևէ մեկին, որպեսզի վարկաբեկել ուրիշին: Եթե մարդն ազնիվ է, ապա դիմացինի մեջ ևս դա տեսնում է: Մի բառ խոսացեք ծրագրից: Ով, ինչ հեքիաթ գիտի, պատմում է: Հիմա ես էլ դուրս գամ ու ինչ գիտեմ պատմեմ: Այդ մարդը երեկ չտեսնված աշխատող էր, էսօր հանկարծ վատացա՞վ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին