Փետրվարի 8-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը
Այսօր 13։00-ին Գորիսում տեղի կունենա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հերթական դատական նիստը, իսկ փետրվարի 8-ին ժամը 10:00-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը։
«Հարգելի՛ հայրենակից, փետրվարի 8-ին, Երևանում՝ Վերաքննիչ դատարանում` Գարեգին Նժդեհ 23 հասցեում, քննվելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։
Նույն օրը, ժամը 10։00, Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի կալանավորված Առուշ Առուշանյանի։
Մասնակցի՛ր ակցիային, մերժի՛ր հայրենիքի պաշտպանների նկատմամբ շինծու քրեական գործերը, քո ներկայությամբ փաստի՛ր, որ արժևորում ես հայրենիքի պաշտպաններին»,- նշված է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել էին ՀՔԾ-ից:
Ի դեպ, գործով նախաքննության ընթացքում Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը Լուսինե Ավետյանն էր, որը ցուցմունքը տվել է մի քանի անգամ, ընդ որում՝ բավականին հակասական։ Վերջինիս ցուցմունքի հիման վրա Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինս կալանավորվել է, սակայն արդեն դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում, Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում իր ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի վաղը
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով