Խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում. Գալստյան
«Գործադրության մեջ ենք փորձում դնել կառավարման նոր՝ չապրված մոդել և ավելի շատ նպատակահարմար պետք է լիներ, որպեսզի կառավարման այս մոդելը, որը գլխիվայր փոխում է հանրակրթական հաստատությունների կառավարման փիլիսոփայությունը, փորձաշրջան անցներ»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնի ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը։
«Վախենում եմ, խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում, որքանով է այն աշխատելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ կրթության ոլորտում փոփոխություններն անհրաժեշտություն են, բայց մի՞թե հնարավոր չէր այս մոդելը գործարկել որևէ համայնքում, եթե արդարցվեր, ապա հրաշալիորեն գործարկեին ողջ համակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը. Լիլիթ Գալստյան
- Տնօրենը պետք է ունենա դպրոցում աշխատելու փորձ, բայց պարտադիր չէ ունենա մանկավարժական որակավորում. Փախչանյան