Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
«44-օրյա պատերազմում մարդկային անգնահատելի զոհերի կողքին ունեցանք նաև մշակութային ահռելի կորուստներ։ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, պղծման և վանդալիզմի կողքին թշնամին զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ՝ փորձելով Արցախի բնիկ հայկական ժառանգության ադրբեջանական պատկանելիության հիմքեր ստեղծել, այդպիսով զրկելով մեզ մեր պատմական և քաղաքական իրավունքներից։
Լ.Գալստյանն ասաց, որ այս արշավի թիրախում են Դադիվանքը, Ղազանչեցոցը, այլ վանական համալիրներ, որոնց ուդիացման կամ աղվանացման ադրբեջանական ջանքերը գնալով նոր թափ են առնում։
Նա հիշեցրեց, որ դեռևս 5 ամիս առաջ այս ամբիոնից խոսել է խնդրի կարևորության մասին, հարցով դիմել կառավարությանը, թե մի շարք միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների շրջանակներում ՀՀ կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարվում, ի՞նչ ռազմավարություն է մշակվել Արցախի օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանագությունն ու ինքնությունը պաշտպանելու համար։ Նա հիշեցրեց նաև ԿԳՄՍ նախարարի, իր խոսքով, ինքնավստահ պատասխանը՝ «ինչ-որ պետք է, անում ենք»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև գրավոր առաջարկություններով է դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ մեր մշակութային իրավունքների պաշտպանությունն արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել մեկ միասնական հարթակ, աշխատանքային խումբ, ուր ընդգրկված կլինեն օրենսդիր, գործադիր մարմինների, Հայ Առաքելական եկեղեցու, Արցախի ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ, մշակութաբաններ, պատմաբաններ։
«Սրա պատասխանն էլ նույնքան ոչ մի բանի մասին է, անհասկանալի բառակայտ՝ «հավելյալ մարմինների ձևավորումը կարող է խոչընդոտել միասնական, մեկ կենտրոնից համակարգվող ծրագրի իրականացմանը»։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանը Աղվանքի պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծել, միջազգային փորձագետների է հրավիրել և պատրաստվում է «ալբանական կրոնական տաճարներից հեռացնել հայերի թողած հետքերը»»,- ասաց Լ. Գալստյանը։
Նա ընդգծեց, որ այս ընթացքում ԵԱՀԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչնչով չեն զբաղվել, նունիսկ տարածաշրջան չեն այցելել, կույր ու խուլ են ձևացել նույնիսկ ապացուցված վարձականների, թուրք-ադրբեջանական ագրեսիայի պարագայում։
«Իմ համոզմամբ, նաև այս լռությունն ու անպատժելիությունը, ագրեսիան չկանխելու նրանց կամազրկությունը նոր հանցագործությունների դուռ է բացել»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Այնուհետև նաև հարցադրում արեց, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները։
«Այն, որ Հայաստանը պարտվում է բոլոր, այդ թվում տեղեկատվական հարթակներում, նույնպես նորություն չէ։ Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որ այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից, մինչդեռ Արցախի հիմնախնդիրն իր բոլոր երեսներով Հայաստանի առաջնահերթությունների ու համակարգված աշխատանքի թիրախում պետք է լիներ։ Իսկ առայժմ, այն էլ ժամանակավորապես, Հայաստանի իշխանություններին մեկ բան է հաջողվում՝ ամոթի և նվաստացման էջերով լցնել մեր պատմությունը, խոշտանգել ժողովրդավարությունը և բռնաճնշումներով փորձել խեղդել ընդդիմությանը։
Չի հաջողվելու»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին․ԹԻՀԿ-ի պահանջը՝ Կառավարությունից
- ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
- Հայկական մշակույթի հետքը ոչնչացնելու խնդիրը կարող է կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրմամբ. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան