ՔՊ-ականները չհետևեցին ընդդիմադիր պատգամավորի հորդորին նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցում
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000 դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին գլխադասային՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Նախագիծն այսօր հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց ԱԺ նիստում՝ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար։
«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար։ Առաջարկվող փոփոխության հիմնավորումն է՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանակցել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոս, սննդամթերքը՝ 11,7 տոկոս»,- ասաց Ա. Վարդանյանը։
Նրա խոսքով, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, ռիսկեր է տեսնում։
«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, աղքատ են։ Այս կառավարությունը եկել էր նրանց բարեկացությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով։ Հանձնաժողովում քննարկում ենք արել, և ես իբրև հիմնական զեկուցող մի շարք կառուցողական առաջարկություններ եմ արել։ Ցավոք, բացասական եզրակացություն է տրվել։ Ձեզ, հարգելի խորհրդարան, հորդորում եմ կողմ քվեարկել այս օրենքին, հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարեց Ա. Վարդանյանը։
Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ առաջարկել են հետ քաշել օրենքը, հետաձգել քվեարկությունը, ներկայացնել նոր նախագիծ, հիմնական զեկուցողը չի համաձայնվել, նախագիծն այս տեքսով բացասական եզրակացություն է ստացել։ Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այժմ պետք է քվեարկեն ոչ թե օրենքն ընդունել-չընդունելու հարցը, այլ քննարկման առարկա դարձնել ԱԺ-ում։
«ԱԺ նիստերում հնչած առաջարկությունների, քննարկումների արդյունքում նախագիծը կարող է լրամշակվել և վերջնական տարբերակով առաջարկվեր քվեարկության»,- ասաց Ա . Մինասյանը։
Քվեարկության դրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարց։ 31 կողմ, 61 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին