«Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել էին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որը վերջերս այդ երկրների խորհրարանները վավերացրել են։
«Այս հռչակագիրն իր բովանդակությամբ ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի, մասնավորապես ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով և հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ դա անընդունելի է։
«Ժամանակին, երբ ընդունվեց այդ հռչակագիրը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր բավական ադեկվատ ձևով, օպերատիվ։ Բայց Հայաստանի որևէ պետական մարմին խորհրդարանների մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չի արձագանքել։
Սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբեությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Թևանյանի խոսքով, հռչակագիրն, ըստ էության, նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։
«Չարձագանքել այդ որոշմանը՝ մեր խորհրդարանը չի կարող, և մենք կարող ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել, մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
- Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները