«Մի մտեք ՆԱՏՕ, չեմ մտնի Ուկրաինա». Պատերազմի պռնկին
Ամերիկայի ձայնը գրում է. «Միացյալ Նահանգների 82-րդ օդադեսանտային դիվիզիայի դեսանտայինները վայրէջք են կատարել Լեհաստանում՝ որպես Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի շարունակական կուտակման պայմաններում ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցության դրսեւորում: Այս մասին է հայտարարում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար, գեներալ Քրիս Դոնահյուն:
Բացի արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքներ զորքեր ուղարկելուց, Վաշինգտոնը 650 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային, ինչն այդ երկրին երբևէ հատկացված ամենախոշորամասշտաբ օգնությունն է: Չնայած Ուկրաինայի կառավարությունը մինչ այժմ թերագնահատում է ռուսական ներխուժման հավանականությունը, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ հարձակման հնարավորությունը փոքր չէ:
Կիրակի օրը, ելույթ ունենալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց, որ սպառնալիքն իրական է: «Մենք կարծում ենք, որ այն կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահի, դա կարող է տեղի ունենալ հենց վաղը: Նախագահ Պուտինն իրեն դրել է այնպիսի իրավիճակում, երբ ռազմական տեղակայումը կարող է ցանկացած պահի վերածվել ագրեսիվ գործողությունների», ասել է նա: Ջեյք Սալիվանը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է հարցը լուծել դիվանգիտական եղանակով, եթե Ռուսաստանն ընտրի դեէսկալացիայի ուղին։
Ուկրաինայի սահմանի երկայնքով ճգնաժամի պայմաններում Վաշինգտոնում քաղաքական միասնության հազվագյուտ պահ է ստեղծվել, երբ հանրապետականներն ու դեմոկրատները համակարծիք են Ռուսաստանին դատապարտելու հարցում:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կարեւոր դեր զբաղեցնող հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլը, կիրակի օրը ելույթ ունենալով ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում, կրկնել է Սալիվանի այն միտքը, որ պատերազմը մոտենում է Ուկրաինային:
Իրենց հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը շեշտելու նպատակով ուկրաինացիները ցույցեր են անցկացնում տարբեր քաղաքներում: Բելառուսից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա` Չեռնոբիլի մոտակայքում Ուկրաինայի ազգային գվարդիան էլ վարժանքներ է իրականացնում մարտական զենքերով։
Այս պահին ՆԱՏՕ-ի անդամների և Ռուսաստանի միջև դիվանագիտությունը դեռևս լուրջ առաջընթաց չի գրանցել: Հիմնական տարաձայնությունները վերաբերում են ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին Ռուսաստանի պահանջին: Հիշեցնենք, որ Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան երբեք չպետք է ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Մի բան, ինչը ՆԱՏՕ-ն չի համարում քննարկման առարկա»: