Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
«Այն, ինչ տեղի ունեցավ դատավոր Բորիս Բախշիյանի շուրջ, խժռեց մեր մասնագիտությունը, իսպառ վերացրեց իրավաբանությունը Հայաստանում»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, դատավոր Բախշիյանի կալանավորումը հիմնավոր կասկած է ստեղծում, որ Հայաստանում յուրաքանչյուր դատավոր երկար է մտածելու այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրված է քաղաքական իշխանությունը։
«Դատավորը պետք է մտածի կայացնել այնպիսի որոշում, որ հետո քրեական հետապնդման չենթարկվի ու չկալանավորվի։ Անկեղծ ասած, դա ինձ մոտ ողջամիտ ենթադրություն է առաջացնում, որ այս դատավորն այսօր Առուշանյանի բողոքի քննության ժամանակ միգուցե այդ համարձակությունը չունենա։ Այո, Հայաստանում կան համարձակ դատավորներ, որոնք անկախ կարգապահական վարույթներից, քրեական գործերի հարուցումից, հավատարիմ են մնում իրենց առաքելությանը։ Բայց պետք է ընդունել, որ կան դատավորներ, որոնք մինչ այդ էլ ունեցել են վախեր։ Պատկերացնո՞ւմ եք, թե դատավոր Բախշիյանի կալանավորումը նրանց վախերը ոնց է ավելացրել։ Ես վստահություն չունեմ, որ այսօրվա դատավորը Առուշանյանի գործով կարող է օբյեկտիվ լինել։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է այն դատավորին, որը երեկ կալաավորեց Քաջարանի քաղաքապետին՝ այն անձին, որը մեկ ամիս գտնվելով ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Սա այն դատավորն է , որը կալանավորել է Արմեն Չարչյանին։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ Արմեն Չարչյանի կալանավորումը եղել է ապօրինի։ Ի վերջո, սա այն դատավորն է, որը երկու տարի առաջ հակասահմանադրական հոդվածով կալանավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանն այսօր քննում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված բողոքը։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. Պատրաստ ենք 80 մլն դրամ գրավ վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ
- Լևոն Քոչարյանը վաղը վերաքննիչ քրեական դատարանում կմասնակցի Առուշ Առուշանյանի համար անցկացվելիք ակցիային
- Գեղամ Նազարյան. Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է
- Փետրվարի 8-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը
- Պաշտպան. Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է
- Առուշ Առուշանյանի գործով վաղվա նիստը չի կայանա
- Առուշ Առուշանյան. Մենք չենք պատրաստվում ընկրկել, քաջ գիտակցում ենք, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք
- Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
- Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի վաղը