Վահե Հակոբյան. Արդարադատության դագաղի վերջին մեխը խփվեց երեկ
«Կալանավորելով դատավոր Բորիս Բախշիյանին՝ կառավարությունն ու իշխող ուժը խփեցին արդարադատության դագաղի վերջին մեխը»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։
Նա նկատեց, որ դատարանները անհիմն կերպով ընդդիմադիր գործիչներին պահում են կալանքի տակ՝ ամեն կերպ ձգձգելով գործընթացները։
«Դրան աջակցում է նաև մեղադրող կողմը՝ դատախազությունը դատախազին հարմար չէ, հիվանդ է, ոտքն է ցավում ու այլ հիմնավորումներով։ Սա միայն Առուշ Առուշանյանին չի վերաբերում»,-ասաց նա։
Սյունիքի նախկին մարզպետը նկատեց՝ միայն այդ մարզի համայնքապետերը չէ, որ ենթարկվում են հետապնդման։
«ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ միանգամից հարուցվում է քրեական գործ, տարվում են կալանքի։ Ամենաթողություն է։ Այս համատեքստում խիստ զարմանալի է միջազգային կառույցների շարունակական լռությունը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Վահե Հակոբյանն ու խմբակցության ուրիշ պատգամավորներ Հայաստանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը պատմել են խախտումների, անօրինականությունների մասին։
«Մենք շատ կտրուկ ասացինք մեր մտավախությունները այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Վաղը հանդիպում ենք ունենալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։ Նույն մտահոգությունները հայտնելու ենք նրան, պահանջելու ենք գործողություններ։ Ժողովրդավարության ու արդարադատության բաստիոն համարվող արևմուտքն այսօր Հայաստանում ակնհայտ փլուզվում է»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Առուշանյան. Մի սպասեք լավ բանի
- Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին. Չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի պայմաններում կայացնել անաչառ որոշում
- Լևոն Քոչարյան. Իշխանությունները տեսնում են, որ դիմադրություն չկա, ավելի են լկտիանում
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Ռոբերտ Քոչարյան. Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը
- Էրիկ Ալեքսանյան. Պատրաստ ենք 80 մլն դրամ գրավ վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ
- Փետրվարի 8-ին Վերաքննիչ դատարանը կքննի Առուշանյանի խափանման միջոցի բողոքը