Այս իշխանությունը երկիրը գլորում է անկանխատեսելի գործընթացների դաշտ. Տիգրան Աբրահամյան
«Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկա տարիներին տեղափոխվելու ենք տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի ու բաժարար գծերի խորացման նոր ժամանակահատված»,- Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, սա նշանակում է, որ Հայաստանը ստեղծված իրադրությունը և առաջիկա գործընթացները խորն ուսումնասիրելու, իրադարությունը ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի։
«Սա ենթադրում է ձևավորվող նոր ռազմաքաղաքական միջավայրում Հայաստանի տեղի ու դերի ամրագրման, բարենպաստ միջավայրի ապահովման, միջազգային խաղացողների համար որպես ընկալելի գործընկերոջ դիրքավորմանը և պետական կառավարման համակարգերը տարբեր սցենարային զարգացումների նախապատրաստման անհրաժեշտություն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանի խոսքով, դիվանագիտական հսկայական ջանքեր գործադրելուց զատ անվտանգային համակարգը պետք է նախապատրաստել երկարատև դիմակայությունների շրջափուլի, իսկ դա ենթադրում է համակարգի վերականգնում, արդիականացում, կանխատեսելի նոր սպառնալիքներին դիմակայության, իմունիտետի և կենսունակության ապահովում։
«Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու և բացառապես իշխանության պահպանության դիրքերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքները, այլ վստահաբար բերելու է նոր ռիսկերի, որոնք կառավարելուն և չեզոքացնելուն ուղղված որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի գործադրում»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Տ. Աբրահամյանը նշեց, որ իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները վատնում է ներքաղաքական գործընթացներում, ընդդիմադիր գործիչների, տարբեր հասարակական դեմքերի, իր նկատմամբ նույնիսկ չեզոք դիրքորոշում ունեցող անձանց խմբերին լռեցնելու, ճնշելու և որպես վերջնարդյունք այլակարծությունը սպանելու, հասարակական համերաշխությունը խաթարելու, երկրում խորը պառակտումներ մտցնելու և ներքին անկայունություն հրահրելու համար։
Նրա խոսքով, եթե իշխանությունում կարծում են, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը, միակողմանի զիջումների գնալը բավարարելու է դրանց քաղաքական ախորժակը, ապա միանշանակորեն սխալվում է։
«Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշությունների, անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու առհասարակ հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի զինվորականը
- Տիգրան Աբրահամյան. Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել
- Տիգրան Աբրահամյան. Թուրքիայի ախորժակը շատ վաղուց Հարավային Կովկասով չի սահմանափակվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան