Աղվան Վարդանյանն առաջարկում է օրենքով սահմանել ՀՀ դրոշի տեղադրումը մի շարք շինությունների վրա
«Գաղափարը ծնվեց՝ նայելով մեր հարևան երկրներին և խորհրդանիշների վերաբերյալ նրանց վերաբերմունքին»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նկատելով, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշ դրոշը՝ պատգամավորը շեշտեց, որ հայկական իրականությունում պատկերը բոլորովին այլ է:
«Նախագծի հիմնական նպատակն ամենտարածված պետական խորհրդանիշի, դրոշի հանրայնացումն է, պետականության նկատմամբ քաղաքացիների, հիմնականում՝ երեխաների և երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումը, ձևական կողմից խորհրդանիշների բնույթի գիտակցմանն անցնելը»,- նախագիծը հիմնավորեց ընդդիմադիր պատգամավորը:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպություններին, պետության և համայնքների կողմից ստեղծած բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականությունը:
«Առաջարկվում է պետականորեն կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ առնչվող երեք տոների՝ Սահմանադրության, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»,- հայտնեց պատգամավորը և հավելեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսվում է համապատասխան պատասխանատվության ենթարկել օրենքի պահանջի խախտման համար:
«Ես ուզում եմ համոզված լինել, որ սա այն դեպքն է, որը վերաբերում է ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր բոլոր պատգամավորներին»,- ասաց Վարդանյանը և նկատեց, որ նախաձեռնության նպատակը պետականամետ աշխարհայացքի տեր քաղաքացի դաստիարակելն է, հայրենիքի, հասարակության նկատմամբ պատասխանատվութուն, ինչպես նաև պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամության սերմանումը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ բացառիկ դեպքն է եղել, որ ընդդիմադիրների ներկայացրած օրենքի նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացվել:
ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել նախագծին և ընթերցեց առաջարկները:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին
- Նախագծով օրինականացվում է դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան