Նախագծով օրինականացվում է դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան
«Մեր գնահատմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում ավելացվել է շատ վտանգավոր դրույթ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ փոփոխվում է դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, լիազորությունների կատարումից բխող դատավորի, ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը:
Պատգամավորը պարզաբանեց, որ գործող օրիենքով պահանջվում է, որ ԲԴԽ-ն՝ նախ պետք է իր կազմի 2/3-ի քվորում ապահովի, այնուհետև նույն թվով էլ պետք է որոշում կայացնի, ինչը նշանակում է, որ ԲԴԽ 10 անդամից 7-ը պետք է կողմ քվեարկի, որպեսզի դատավորի նկատմամբ որոշումը կայացվի:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց՝ նոր փոփոխություններով առաջարկվում է, որ քվորում լինի 6 անդամի ներկայությամբ և 5-ի կողմ քվեարկության դեպքում այդպիսի որոշումները կայացվեն:
Նա անթուլատրելի համարեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման սկզբունքային հարց է բերվում ԱԺ՝ առանց լուրջ և մասնագիտական, փաստաբանական, իրավաբանական համայնքների քննարկումների:
«Դատավորներին կալանավորելու և հետապնդումների ենթարկելու այսօրվա ֆոնին այսպիսի գործողությունը ոչ այլ ինչ է, քան օրինականացնել դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթացը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանին ապօրինի ԲԴԽ անդամից զրկելուց հետո, այնտեղ մնացել է 9 անդամ և այս որոշմամբ ցանկացած դատավորի ուղարկելու են կարգապահական դաշտ:
ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ օրինագծի փոփոխությունը ուղղված է վերջ տալու կոռուպցիոն այն երևույթները, որոնցով առաջնորդվում էին ԱԺ ընդդիմադիր թևում նստած պատգամավորները:
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը վրդովված արձագանքեց պատգամավորի արտահայտությանը:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց.«Պարոն Մանուկյան, ճիշտ է այսօր ձեր ծննդյան օրն է, բայց պետք չէ տեղից արձագանքել:
Երկրորդ դիտողությունից հետո Արշակյանը Գեղամ Մանուկյանին մեկ նիստով զրկեց արձագանքելու իրավունքից: