Հնարավոր է ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց. Լիլիթ Գալստյան
«Բացառիկ կարևորության նախագիծ ենք քննարկում, որը լուրջ արմատական փոփոխություններ է նախատեսում հանրակրթության ոլորտում»,- Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, այս նախագծի շահառուները ոչ միայն 1400-ի հասնող հանրակրթական հաստատություններն են, այլ ողջ հասարակությունը, քանի որ կրթությունն անվտանգային կարևորագույն հենասյուներից մեկն է։ Լ. Գալստյանն ասաց, որ իր մեկ տասնյակի հասնող առաջարկություններն ընդունվել են կառավարության կողմից, ինչը գնահատելի է, բայց իր, մանկավարժական հանրույթի հիմնական մտահոգությունները, ինչը վերաբերում է կրթական հաստատությունների կառավարման մոդելին, այդպես էլ մնացին անփարատելի։
«Ըստ էության, շարունակելու ենք քննարկել նախագիծ, որը միանգամայն նոր կառավարման մոդել է առաջարկում, կառավարման նոր մոդելը գլխիվայր շրջում է գործողը, իսկ գործող համակարգն առավել ժողովրդավարական է, մասնակցային։ Ներկայումս առաջարկվում է ավտորիտար, ոչ բավարար կանոնակարգված, իրավունքների և լիազորությունների անհստակությամբ, իրավական անորոշություններով կրկվողն և կոնֆլիկտային գործառույթներով մի մոդել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնի ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը։
Լիլիթ Գալստյանի խոսքով, փաստորեն, ուսումնական հասատատությունների ընթացիկ գործունեության կառավարումն իրականացվելու է երկգլխանի գործադիր մարմնի կողմից, որը բաղկացած է տնօրենի և վարչական մասի համակարգողից։
«Ըստ էության, գործ ունենք մի համակարգի հետ, երբ ողջ դպրոցների կառավարումը կենտրոնանալու է պետական լիազոր մարմնի տիրույթում և հիշատակվող մրցույթ բառը բոլորովին տեղին չէ, քանի որ ի վերջո լիազոր պետական մարմնի կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացությամբ են նշանակվելու տնօրենն ու համակարգողը»,- նշեց նա՝ հավելելով, որ նաև ոչ համարժեք պահանջներ և լիազորություններ են սահմանել թե տնօրենի, թե համակարգողի համար։
«Մենք ունենք բացառիկ կոնֆլիկտային հարաբերությունների և լիազորությունների դաշտ, որը կրթական համակարգը կամ դպրոցի կառավարումը տանելու է ցնցումների»,- ասաց Լ. Գալստյանը։
Օրինակի համար նա նշեց, թե ինչպե՞ս կարող է զարգացման ծրագիրն իրագործել տնօրենը, երբ ֆինանսների կառավարումն իրականացվում է համակարգող կողմից։
«Ավելի վտանգավոր մի թեզ կա նախատեսված. բացի համակարգողից, պետական ուսումնական հաստատությունների վարչատնտեսական գործընթացի կառավարումը կարող է իրականացնել նաև պատվիրակված իրավաբանական անձը։ Եթե համակարգողի պարագայում լիազորությունների հստակեցում կար, այս պարագայում բացարձակապես խոսք չկա, հնարավոր է, ասենք, ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նրա խոսքով, ամենամեծ խնդիրը համարում է չփորձարկված նախագծի՝ գործածության մեջ դնելը։
«Մի ամբողջ կրթական համակարգ տանում ենք ցնցումների առանց փորձարկելու։
Չի կարելի, իրավունք չունենք կրթական համակարգը տանել ցնցումների մինչև վերջ չմտացված, չհստակեցված մի նոր մոդել ներդնելով, չունենալով որևէ գնահատական»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ հայտնելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։
Հարակից հրապարակումներ`
- Կարևորում եմ այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան
- Խորը տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում. Գալստյան
- Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը. Լիլիթ Գալստյան
- Տնօրենը պետք է ունենա դպրոցում աշխատելու փորձ, բայց պարտադիր չէ ունենա մանկավարժական որակավորում. Փախչանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան