Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Ռոմելլա Աբովյան
Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդության բարձր ակտիվություն, համաճարակային շեմից բարձր է 2,2 անգամ։ Ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա ներկայացմամբ, հիմնականում արձանագրվում է 0-14 և 30-64 տարեկանների շրջանում։ Փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որից 84,8 տոկոսը կազմում է 0-18 տարեկան երեխաները, իսկ թոքաբորբով ունեն 317 պացիենտ։
«Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 207-ի մոտ կամ 20 տոկոսի դեպքում հայտնաբերել են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը»,- ասաց Ռ. Աբովյանը։
Նա հայտնեց, որ գրիպ Ա տեսակը շատ ավելի արագ է տարածվում, թիրախը երեխաներն են։ Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։
Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. 14 օրերի ընթացքում դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38,5 տոկոս, նախորդ 14 օրերին եղել է 10,5 տոկոս:
«3-5 տարեկանների շրջանում հիվանդացությունը աճել է 7,3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 5,3 անգամ»,- ասաց մասնագետը։
Հիվանդացության աճ գրանցվում է Հայաստանի բոլոր մարզերում, սակայն այն առավել բարձր է Երևանում:
Նա հայտնեց, որ Հայաստանը, ըստ Եվրամիության չափանիշների, մուգ կարմիր գոտում է գտնվում:
Ռ. Աբովյանն ասաց, որ «օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ բավականին թեթև է արտահայտվում կամ միջին ծանրության. «Իհարկե, հոսպիտալացման դեպքեր ունենք, բայց «դելտա» շտամի համեմատ, հոսպիտալացման դեպքերն այս շտամի դեպքում մի քանի անգամ ավելի քիչ են»։
Հարցին՝ Հայաստանում միայն «օմիկրոն» շտա՞մն է այս պահին տարածված, նա պատասխանեց. «Հարուցիչի ենթատեսակը յուրաքանչյուր դեպքում չի որոշվում։ Նմուշների սեկվենավորման գործընթացը բավական բարդ ու թանկարժեք հետազոտություն է։ Երկրները, նաև Հայաստանն իրականացնում են նմուշների հետազոտություն ընտրանքային սկզբունքով, երկիր մուտք գործած անձանց, կրկնավարակների շրջանում, որպեսզի պարզ լինի, թե երկրում որ շտամն է շրջանառվում։ Չի բացառվում, որ դեռև ունենք նաև «դելտա» շտամի շրջանառություն»։
Հարակից հրապարակումներ`
- 09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- Սուր շնչառական վարակներով հիվանդացությունն առավել բարձր է մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում. ԱՆ
- Այս տարի կա սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ. Ավանեսյան
- ԱՆ. Նկատվում է սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան