Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը
74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը:
Լուրը հայտնում են Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից.
«Հարգելի հանդիսատես, ցավով հայտնում ենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը մեծ կորուստ ունեցավ: Մեզնից հեռացավ մեր 50 տարվա ընկերը` բարի, հայրենասեր, տաղանդավոր, իր գործին անմնացորդ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ցոլակի Կարապետյանը:
Սիրելի Ռուբեն, մեր բեմում քո ստեղծած վառ և մարդկային կերպարները անկրկնելի են, մեզ համար դժվար է լինելու առանց Քեզ: Խորը վշտով ցավակցում ենք նրա հարազատներին ու ընկերներին:
Թող Աստված նրա հոգին լույսերի և խաղաղության մեջ պահի:
Ների'ր, եթե երբևէ սխալ ենք եղել քո հանդեպ»։
Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Աբիսողոմ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Բանտապահ), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ատելիո), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կապուլետ), «Համլետ» (Կլավդիոս), «Մակբեթ» (Բանքո), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պիղատոս), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Բ Դատավոր) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների: Նկարահանվել է «Սպիտակ ափեր» (1975թ.), «Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար» (1989թ.), «Ձայն բարբառո» (1992թ.), «Գագաթ» (2010թ.) և այլ ֆիլմերում:
2004թ. արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյանի անվան, 2007թ. և 2011թ.` ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան