ՄԻՊ-ն արտահերթ զեկույցում ծավալուն անդրադարձ է կատարել Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելուն
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին:
ՄԻՊ գրասենյակից մանրամասնում են, նախ, զեկույցում առաջ են քաշվել Պաշտպանի այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:
Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։
Զեկույցով կարևորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով: Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նաև պարբերաբար կազմակերպում քննարկումներ ու աշխատաժողովներ լրագրողների համար տարբեր մասնագիտական ուղղություններով (կանանց իրավունքներ, աշխատանքային իրավունքներ և այլն)՝ նպաստելու համար լրագրողների բարձր մասնագիտական աշխատանքին:
Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:
ՄԻՊ արտահերթ զեկույցում ծավալուն անդրադարձ կա Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին։
Հիշեցնենք, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում էր գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։
Արտահերթ զեկույցում մասնավորապես ասված է.
«Ազգային ժողովում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նման
մոտեցման մասին են վկայում այն իրավիճակները, երբ վերջիններս արգելում են
հավատարմագրված լրագրողների մուտքն Ազգային ժողով իրենց տեսա- կամ
լուսանկարահանելու պատճառով:
Օրինակ՝ Ազգային ժողովում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից
նման մոտեցում է ցուցաբերվել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից,
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրող Լիլիան Գալստյանի նկատմամբ, երբ
2021 թվականի օգոստոսի 5-ին արգելվել է վերջինիս մուտքն Ազգային ժողով:
Պաշտպանի աշխատակազմում իրականացվել է պաշտոնական կերպով հրապարակված՝ Ազգային ժողովի աշխատակազմից «Պանորամա Էյէմ» ՍՊԸ-ի տնօրենին հասցեագրված գրության ուսումնասիրություն, որով նշվել է, որ «ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանում հավատարմագրված «ՊԱՆՈՐԱՄԱ ԷՅԷՄ» լրատվական կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը օգոստոսի 4- ին 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի նիստերը լուսաբանելու ընթացքում խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը կամ լուսանկարահանելը:
Ելնելով վերոգրյալից՝ սույն թվականի օգոստոսի 5-ից 8-րդ հումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու նպատակով Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել Ազգային ժողով: ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքը լուսաբանելու համար կարող եք հավատարմագրման հայտ ներկայացնել ՀՀ ԱԺ աշխատակազմի համապատասխան հայտարարությունից հետո»:
Տվյալ գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ այն ստորագրած պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս:
Բացի այդ, անթույլատրելի է, որ Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները հավատարմագրված լրագրողներին տեսա- կամ լուսանկարահանված նյութերը ջնջելու պահանջ են ներկայացնում: Հակառակ պարագայում սպառնում են, որ նրանք կզրկվեն հավատարմագրումից:
Անվտանգության ծառայության աշխատակիցները չունեն ինչպես նման պահանջ ներկայացնելու, այնպես էլ տվյալ պահանջին չենթարկվելու պարագայում լրագրողներին հավատարմագրումից զրկելու կամ նման սպառնալիք ներկայացնելու լիազորություն: Այսինքն՝ անվտանգության շառայության աշխատակիցները լրագրողներին ներկայացնում են ապօրինի պահանջ՝ ապօրինի սպառնալիքների ներքո:
Ազգային ժողովի նախագահը՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Ըստ անհրաժեշտության, Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշմամբ կսահմանվեն, թե որոնք են հանդիսանում հատուկ վերահսկելի գոտում ներառվող այլ դահլիճներ, իսկ այս պահին գործող կարգավորմանը համապատասխան՝ հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը»։
Նշվածը հերթական հաստատումն է այն փաստի, որ իրավական առումով ոչ որոշակի, ոչ հստակ ձևակերպումները պետական իրավասու մարմնին հնարավորություն են ընձեռում կամայական մոտեցում ցուցաբերել լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների նկատմամբ և դրանց անդրադառնալ, ինչպես նշվել է, «ըստ անհրաժեշտության»։ Նման մոտեցումն անթույլատրելի է և չի բխում իրավական որոշակիության սահմանադրական պահանջից։
Մյուս կողմից, լրագրողները պետք է ապահովվեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ պատշաճ տեղեկատվությամբ, որպեսզի գիտակցեն սահմանափակումների հստակ սահմանները, դրանց բնույթը, նպատակը, ինչպես նաև այդ սահմանափակումները չպահպանելու դեպքում նախատեսված իրավական հետևանքները, այլ ոչ թե փորձեն գուշակել դրանք»։
Հիշեցնենք, որ Panorama.am-ի ներկայացուցչի՝ ԱԺ աշխատակազմին ուղղված նամակից հետո խորհրդարանում ստիպված եղան չեղարկել խմբագրության լուսանկարչի մուտքի արգելքի մասին որոշումը։
Արտահերթ զեկույցում մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է. «Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող կարգավորումները, այդ թվում՝ սահմանափակումները, դիտարկվել և ներառվել են Ազգային ժողովի նախագահի որոշմամբ հաստատվող՝ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո, որն անընդունելի է»։
Զեկույցի մանրամասները՝այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին
- ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը
- ԱԺ-ում դեռ չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը
- ՀԺՄ-ն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված ԱԺ գործողությունները
- Արման Թաթոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը խնդրահարույց է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին