Լավագույն 10 մարզիկներին 5 մլն դրամի փոխարեն կառավարությունը վճարել է 3.9 մլն դրամ. Թադևոս Ավետիսյան
«Ի՞նչ է փոխվել, որ 2021 թվականին 5 մլն դրամի փոխարեն Հայաստանի լավագույն 10 մարզիկներին կառավարությունը վճարվել է 3.9 մլն դրամ, միջոցնե՞ր չկա, թե՞ վերաբերմունքն է փոխվել»,- ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Պատգամավորը հայտնեց, որ 2019 թվականից Հայաստանի 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգև էր տրամադրվում, որը շատ մեծ ոգևորություն էր առաջացրել մարզաշխարհում, բայց նախորդ տարի այն զգալիորոն պակաս է տրվել:
ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ պատգամավորի թույլտվությամբ իր հարցը կփոխանցի մյուս փոխնախարարին՝ Կարեն Գիլոյանին, քանի որ նախարարությունը մեծ է և հարցը նրա լիազորությունների շրջանակում է:
«Մարզիկների և մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների դժգոհությունն այն մասին է, որ ձեր նախարարությունը պատշաճ կերպով չի արձագանքում այս հարցին, պարզաբանում չի տալիս»,- արձագանքեց Թադևոս Ավետիսյանը և շեշտեց, որ դա կարևոր խնդիր է և վերաբերում է բազմաթիվ մարդկանց, որոնք ՀՀ դրոշը բարձրացնում են միջազգային ասպարեզներում և պատիվ են բերում ՀՀ-ին:
Պատգամավորը հույս հայտնեց, որ հարցը հնչեցնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը կարձագանքի խնդրին:
Արայիկ Խզմալյանն էլ ենթադրեց, որ քիչ վճարելու փաստը հմնավորում ունի և կրկնեց, որ հարցը կփոխանցի պատասխանատու փոխնախարարին:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Վարդանյանն առաջարկում է օրենքով սահմանել ՀՀ դրոշի տեղադրումը մի շարք շինությունների վրա
- Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները