Կարևորում եմ այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան
«Կարևոր եմ համարում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանման ներառումը նախագիծ, որ բացակայում էր գործող օրենքում»,-Աժ նիստում հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը:
Փոխնախարարը նաև կարևորել է ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանման հստակեցումը, որով ընդգծվում է սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքներն ու խմբակները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ:
Նրա խոսքով՝ սպորտի կամ արվեստի դասերը կարող են անցկացվել մարզադպրոցների, գեղարվեստի դպրոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելով սովորելու միասնական միջավայր:
Փոխնախարարը նաև նախագծից առանձնացրեց այն դրույթը, որով հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստացող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման համար առավել բարենպաստ պայմաններ է սահմանվում:
«Տարբեր երկրներում առկա են արդյունավետ աշխատանքի մոդելներ երեխաների կրթության կազմակերպման մասով: Տարբեր հետազոտություններով ապացուցված է, թե ինչ բարերար ազդեցություն է թողնում կրթությունը բուժման գործընթացի վրա՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը»,-հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան