«Ժողովուրդ». Ո՞րն է ՀՀ գլխավոր դատախազության վերջին շրջանում ակտիվացման պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, և ինչպես նկատում է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել և այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը և այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ու թեև գործերը հետ են ուղարկվել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն, գործով անցնող մեղադրյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել:
Եվ, ահա, հիմա էլ դատախազությունը ոստիկանությանն է կոշտ քննադատության ենթարկել և այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը նպաստում է հանցագործությունների թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների վերացման համար Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ոստիկանապետին:
Այսպիսով, դատելով իրավիճակից՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչև սեպտեմբեր ամիսը իր լիազորությունների դադարեցումը որոշել է «ատամ ցույց տալ» բոլոր ուժային կառույցներին և իսկապես դատախազ աշխատել, քանի որ մինչ այդ աշխատում էր մեղադրանք դակող: Ուշացած քայլ է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Իսկ մենք կհետևենք Գլխավոր դատախազության զարգացումներին, քանի որ մինչև սեպտեմբեր հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան