Հայ-իրանական հարաբերությունները կարող են օրինակ հանդիսանալ աշխարհի տարբեր ժողովուրդների համար. ՀՀ ԳԱԱ նախագահ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարել է «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր ելույթում նախ հիշեցրեց, որ Իրանն առաջին պետություններից մեկն էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։
«Հայաստանի իշխանությունները, քաջ գիտակցելով տարածաշրջանային զարգացումները, փորձել են առաջին հերթին սերտ համագործակցություն սկսել Իրանի հետ՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերի ընդհանրություններից»,- ասաց ԳԱԱ նախագահը՝ հավելելով, որ այս գիտաժողովը մի յուրօրիանկ հաշվետվություն է վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների միջև իրականացված աշխատանքների առումով։
Ա.Սաղյանի խոսքով, այս տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները բազմաթիվ փորձություններ են հաղթահարել, ինչը կարող է օրինակ հանդիսանալ աշխարհի տարբեր ժողովուրդների համար, թե ինչպես են կողք-կողքի համակեցության սկզբունքով ապրում տարբեր կրոնների ներկայացուցիչները։
«Իրանի տարածքում գործող բազմաթիվ հայկական եկեղեցիները գտնվում են պետական հոգածության ներքո, հոծ հայկական համայնք կա, որի իրավունքները պաշտպանված են պետականորեն։ Հայերը մեջլիսում ունեն ամրագրված երկու տեղ, նրանց հիմնական գործառույթն է մեջլիսում ներկայացնել հայերի հուզող խնդիրները»,- իր ելույթում ասաց ակադեմիկոսը։
Ս. Սաղյանը նշեց, որ հայ-իրանական ներկա դրական հարաբերությունների մակարդակում գիտական կապերը Իրանի հետ կարող էին լինել էլ ավելի սերտ, քանի որ երկու կողմերում էլ առակ է մեծ ներուժ բոլոր բնագավառներում աշխատելու համար։ Նա հույս հայտնեց, որ երկուստեք քայլեր կձեռնարկվեն։
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձներ հղեցին ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Իսկանդարյանը: Ուղերձներ կհղեն ԻԻՀ-ում ՀՀ և ՀՀ-ում ԻԻՀ տարբեր տարիների դեսպանները՝ Վահան Բայբուրդյանը, Գեղամ Ղարիբջանյանը, Գրիգոր Առաքելյանը, Արտաշես Թումանյանը, Արսեն Ավագյանը, Բահման Ղասեմին, Ալի Սաղայիանը, Մոհամմադ Ռայիսին, Սեյյեդ Քազեմ Սաջադին և Աբբաս Բադախշան Զոհուրին:
Գիտաժողովի նիստերի ժամանակ հայ և իրանցի գիտնականները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված Հայաստան-Իրան հարաբերությունների պատմությանը և զարգացմանը, Թուրքիայի քաղաքականությանը Իրանի նկատմամբ, ՀՀ հասարակության վերաբերմունքի փոփոխության դինամիկային Իրանի նկատմամբ, լրատվամիջոցների դերին Հայաստանի և Իրանի հարաբերություններում, հայ ազգային փոքրամասնության իրավունքներին Իրանում, Իրանի հայ համայնքի մասնակցությանը ՀՀ-ԻԻՀ միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում, Իրանի և Հայաստանի տնտեսաքաղաքական հարաբերություններին 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո:
Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվի կողմից կկազմակերպվի հայ-իրանական հարաբերություններին նվիրված փաստաթղթերի ցուցադրություն:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան